ԿարևորՔաղաքական

Բաքուն անտեսում է տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու Ստեփանակերտի առաջարկը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Յան Քելլիին /ԱՄՆ/  եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում:

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման համար:

Նա ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու առաջարկը Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, եւ Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով:

Նախագահը հերթական անգամ վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Back to top button