Տնտեսական

Ինչո՞ւ են աղմկում միջազգային ներդրողները

Հայաստանի տնտեսական կյանքում  հետաքրքիր զարգացումներ են՝ ներդրումներ ներգրավվելու ֆոնին վերջին շրջանում մի քանի ընկերություններ տարբեր պատճառներով հայտարարում են, որ ունեցած խնդիրները կվիճարկեն  միջազգային դատարաններում: «Լիդիան Արմենիա» ընկերության  շուրջ կրքերը չեն հանդարտվում, վերջերս էլ «Վեոլիա ջուր» ընկերության շուրջ է աղմուկ բարձրացել:  Հայ-իրանական երկաթգծի կառուցման պարտավորությունը ստանձնած «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն էլ Հայաստանի կառավարությունից 160 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում: Ընկերությունն արդեն հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան։  Վտանգվա՞ծ է  արդյոք Հայաստանի ներդրումային վարկանիշը և ի՞նչ են մտածում տնտեսական ոլորտի պատասխանտուները:

 

Ներդրումներ ներգրավել, աշխատատեղեր բացել՝ փորձելով ապահովել ներառական տնտեսական աճ: Խոստումը վերջին տարիներին տալիս են Հայաստանի կառավարությունների  բոլոր ղեկավարները: Բացառություն չէ նաև Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընկալումը հստակ է. գործունեության արդյունքում ռեալ շահույթ կստանա և ներդրողը, և  ՀՀ-ն։

Եվ ահա վերջին շրջանում ներդրող մի քանի ընկերությունների հետ կապված խնդիրներ են առաջացել: 2013 թ. Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել։ Այս ընկերությունն էր ստանձնել Իրան- Հայաստան երկաթգծի կառուցման պարտավորությունը: Օրերս տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը հստակեցրեց՝ ընկերությանը մի քանի անգամ դիմել են, որ Հայաստան գան եւ կատարեն իրենց պարտավորությունները, սակայն դրանք չեն եկել։


Հայաստանի հարավային երկաթուղի և Հարավային արագընթաց ճանապարհ. տրվեց Մեղրիից Գագարին ծրագրերի մեկնարկը

 

Նախարարը վստահ է, որ անհանգստության կարիք չկա, թեեւ կառավարությունը ձեռքերը ծալած չի նստում։

Ամուլսարի հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը նույնպես հայտարարություն տարածեց, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի՝ բնապահպանության առաջարկը՝ կասեցնել շինաշխատանքները կվիճարկի դատարանում։

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի պահպանության հարցը սկզբունքային է  համարում։ Նախարարը վստահ է՝ ներդրող ընկերությունն ինքը շահագրգռված կլինի պարզել իրականությունը։


Հանքարդունահանող ընկերությունների շուրջ աղմուկը չի դադարում

Հանրության ուշադրության կենտրոնում են նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված զարգացումները:  Հատուկ քննչական ծառայությունը փորձում է  հասկանալ, թե ինչպես  Հայաստանում խմելու ջրի սակագինը 180 դրամից դարձավ 191 դրամ։  Այս հարցը գտնվում է  հատուկ քննչական ծառայության տիրույթում: Իսկ քանի որ գործն ուղարկվել է այդ կառույցին՝ նշանակում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ են շրջանառվում բացահայտված չարաշահումներում: Ըստ ոստիկանության՝ <<Վեոլիա ջուր>> ՓԲԸ- ը հոգացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ հանձնաժողովի եւս 7 պաշտոնատար անձանց Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ ավիատոմսերի եւ հյուրանոցային ծախսերը։ Դրանից հետո հանձնաժողովի որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացավ 11 դրամով:


Որքանո՞վ է արդարացված «Վեոլիա ջուր» ընկերության առաջարկած սակագինը

Ընկերությունը հերքում է մեղադրանքները։ Ավելին, հայտարարում՝   դա պաշտոնական հրավեր էր, բացառապես փորձի փոխանակման համար: Կոչ են անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել   իրենց դեմ սկսված արշավը: Հակառակ դեպքում ՝ հարցը կվիճարկեն   միջազգային արբիտրաժային դատարանում:  Մամուլն արդեն գրում է, որ սեպտեմբերի 13-14 –ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարելիք  այցը հիմնականում  պայմանավորված է «Վեոլիա ջուր» ընկերության շուրջ ստեղծված աղմուկով: Թե  Փաշինյան- Մակրոն հանդիպման օրակարգում իրականում ինչ հարցեր են լինելու, թերևս, պարզ կդառնա ավելի ուշ:

 

Back to top button