ԿարևորՄիջազգային

Այսօր Հռոմի նորընտիր պապը պաշտոնապես կստանձնի Պապական գահը

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում և հարակից հրապարակում այսօր կանցկացվի Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությունը, հայտնում է Взгляд-ը։ Հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն 163 երկրների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և եկեղեցիների ներկայացուցիչներ։

Չնայած նորընտիր Պապը խնդրել է խուսափել արարողության ժամանակ ճոխություններից, այն կսկսվի Սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ։ Այնտեղ ամենատարեց կարդինալ Ժան-Լուի Տուրանը պոնտիֆիկոսի ուսերին կդնի պապական թիկնոցը, իսկ իտալացի կարդինալ Անջելո Սոդանոն էլ նրան կհանձնի «ձկնորսի մատանին»՝ Հռոմի պապերի անփոխարինելի մատանին, որը խորհրդանշում է, որ պոնտիֆիկոսն առաջին պապ Պետրոս առաքյալի ժառանգն է, ով ի սկզբանե ձկնորս է եղել։ Մինչ տաճար մտնելը, Ֆրանցիսկոս պապը «պապամոբիլով» պտույտ կանի հրապարակի շուրջը, որտեղ կհավաքվի շուրջ 1 միլիոն հավատացյալ։

Հռոմ է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը (առաջին կաթոլիկն այս պաշտոնում)։ Նա ասել է, որ նախագահ Բարաք Օբաման չի կարողացել գալ միայն այն պատճառով, քանի որ «կարևոր այցով Իսրայել պետք է մեկնի»։ Ներկա կլինեն նաև լատինամերիկյան մի շարք պետությունների ղեկավարներ, առաջին հերթին՝ Արգենտինայի ղեկավար Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, ում Հռոմի նորընտիր պապն ընդունել էր նախօրեին, Բրազիլիայի ղեկավար Դիլմա Ռուսեֆը, Չիլիի նախագահ Սեբաստյան Պիներա Էչենիկեն, Մեքսիկայի ղեկավար Էնրիկե Պենյա Նյետոն, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Ֆրանսիայի վարչապետ Ժան- Մարկ Էյրոն, Բելգիայի թագավորական ընտանիքը, այլք։ Հասարակական կարգը կպահպանեն մի քանի հազար ոստիկան և հարյուրավոր կամավորներ։ Իսկ Հավերժ քաղաքի երկնքում հերթապահություն կիրականացնեն ուղղաթիռները։

Back to top button