Հեռակա բանավեճ Նիկոլ Փաշինյանի ու Շանթ Հարությունյանի միջեւ
Արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը վարչապետից լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն է պահանջում:
Այդ պահանջը Հարությունյանը հայտնել է նամակով՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը:
Ֆեյսբուքյան հերթական ասուլիսում վարչապետը խոսել էր Շանթ Հարությունյանի գործի և ազատ արձակման հնարավորթյունների մասին:
Շանթ Հարությունյանին ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է. այս դիտարկումը Նիկոլ Փաշինյանն արեց երեկ ֆեյսբուքյան հերթական ասուլիսի ժամանակ: Թեմայի մասին խոսեց բավական մանրամասն, ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո սկսել է զբաղվել այս հարցով՝ փորձելով հասկանալ, թե ինչ օրինական մեխանիզմներ կան Շանթ Հարությունյանին և այդ գործով մյուս դատապարտվածներին ազատ արձակելու համար:
«Մենք գտանք այդ մեխանզիմը, դա հետևյալն էր. երբ այդ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում է, դառնում է բաց ռեժիմ, որից հետո նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ, պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ և թղթեր ստորագրել: Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետև արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»:
Կառավարության առաջարկած այս մեխանիզմից, ըստ Փաշինյանի, օգտվել են նույն գործով դատապարտված Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, Շանթ Հարությունյանը հրաժարվել է այս հնարավորությունից ՝ պահանջելով արդարցնել իրեն: Դրանից հետո վարչապետը նաև հեռախոսազրույց է ունեցել Շանթ Հարությունյանի հետ, փորձել բացատրել առկա հնարավորթւունները:
Վարչապետը վերջում նորից հույս հայտնեց, որ Շանթ Հարությունյանը կանի այդ քայլը և օրինական հնարավորություն կստեղծի իր ազատ արձակման համար: Շանթ Հարությունյանը, սակայն, կարծես հակված չէ այդ քայլը կատարելուն: Նա կալանավայրից բաց նամակով արձագանքել է վարչապետին ու լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն պահանջել: Ավելին՝ ակնարկել է, որ վարչապետի խոսքում իր հասցեին ուղղված կշտամբանք կար ու դրան պատասխանելու հնարավորություն չունի: Ուստի պահանջում է այդ հնարավորություն:
Շանթ Հարությունյանը հիշեցրել է, որ նախկինում 2 անգամ նման պահանջ բարաձրացրել է. մեկ անգամ՝ 2008-ին, մարտի մեկի գործով դատապարտված լինելու հաջորդ անգամ՝ 2015-ին, արդեն այն գործի շրջանակներում, որով դատապարտված է նաև հիմա:
Վարչապետի մամուլի խոսնակ Աման Եղոյանը մեր հարցի ի պատասխան, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդառաջել Շանթ Հարությունյանի պահանջին, հորդորեց սպասել իրադարձությունների զարգացմանը: Կոնկրետ պահան ջին նախընտրելով չանդրադառնալ:
Դատական պրակտիկայում նման նախադեպ, երբ դատապարտյալը հանդիպի լրատվամիջոցների հետ, կարծես թե չկա, Շանթ Հարությունյանը կարող է առաջին նախադեպը դառնալ՝ Ռադիոլուրի հետ զրույցում ազաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Նա կարծում է, որ իրավական առումով լրատվամիջոցների ու Շանթ Հարությունյանի հանդիպումը կազմակերպելու խոչընդոտներ չկան:
5 տարի առաջ՝ 2013-ին Շանթ Հարությունյանն իր համակիրների հետ դուրս էր եկել փողոց՝ «արժեքների հեղափոխության», ոստիկանների հետ բախումից հետո ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին, հարուցված քրեկան գործով դատապարտվեց 14 մարդ: Շանթ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հատկանիշներով, նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Արդեն 5 տարի անազատության մեջ է: