ԿարևորՀասարակություն

Երեւանի օրվա հետաձգումը անհանգստացրել է տուր-օպերատորներին

Երեւանի օրը նշելու եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետերը հետաձգվում են մեկ ամսով:

Այս մասին գործադիրի որոշումը հիմնավորվում է Ֆրոնկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացմամբ, որպեսզի մեկի կազմակերպումը մյուսին չխանգարի: Որոշումը, սակայն, տուր-օպերատորների շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել:

Մայրաքաղաքը պատրաստվում է 2 խոշոր իրադարձության` Երեւանի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակին եւ Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին: Սպասվող միջոցառումները եւ մեծաթիվ հյուրերի ընդունելությունը ենթադրում են պատշաճ նախապատրաստում, եւ որպեսզի մեկի կազմակերպչական աշխատանքները մյուսին չխոչընդոտեն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկում է հետաձգել Երեւանի օրվան նվիրված միջոցառումները մեկ ամսով:

« Կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման համար մշակվող միջոցառումներին ներգրավված է նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որը միաժամանակ հանդիսանալու է միջոցառումների համակատարող: Բացի այդ` նախատեսված են նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները»:

Գործադիրում դեմ չեն. Երեւանի օրվա տոնակատարությունները տեղի կունենան ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին: Կառավարությունը հաստատում է որոշումը:

Կառավարության որոշումը, սակայն, անհանգստացրել է հայաստանյան ամենատարբեր տուր-օպերատորների. սեպտեմբերի համար կազմված զբոսաշրջային փաթեթները, որոնք ներառել են հենց երեւանյան տոնակատարությունները, արդեն վաճառված են: Ստացվում է` զբոսաշրջիկներին տրված խոստումները չենք կարող պահել` «Ռադիոլուրի» հետ զրույցում իրենց մտահոգություններն են փոխանցում զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Մարդիկ արձակուրդ են ծրագրել, ավիատոմսեր գնել, իրենք էլ հյուրանոցներ են ամրագրել, անելիքների իրենց ժամանակացույցն են կազմել: Փոփոխությունից անակնկալի են եկել` մանրամասնում են:

Մյուս զրուցակիցս արտասահմանցի իր հյուրերին է խոստացել սեպտեմբերին ցույց տալ Երեւանն իր ողջ հմայքով ու հագեցած միջոցառումներով: Այցը ծրագրել են դեռ տարեսկզբին` ասում է, տոմսերը` գնել դեռ մայիսին:

Տուր-օպերատորներն այժմ քննարկումների մեջ են` փորձում են վերահասցեավորել իրենց զբոսշրջային այցերը եւ լրացնել խոստացված միջոցառումների բացը: Ինչպես` դեռ հարց է:

Back to top button