ԿարևորՔաղաքական

Քաղաքական ուժերը՝ Քոչարյանի НТВ-ին տված հարցազրույցի մասին


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցին:

Կուսակցությա՞մբ, թե՞ կոալիցիայով հարցին Քոչարյանը հստակ պատասխան չի տվել, բայց ընդգծել է՝ համոզված է, որ կարող է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ ընդդիմադիր ուժերի համար: Քաղաքական ուժերից մի քանիսն անդրադարձել են Քոչարյանի հայտարարություններին:

Ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանրապետության երկրորդ  նախագահը բացատրել է, թե ինչու է վերառանում քաղաքակաություն: Հարցը՝ վերադառնում է, թե ոչ, Քոչարյանի խոսքով արդեն ժամանակավրեպ է, քանի որ ակնհայտ է, որ վերադառնում է: Ի դեպ , պատճառների մասին խոսել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ունի վարչապետական նկրտումներ:

«Չեմ ուզում խոսել իմ հավակնությունների, ապագայի մասին: Կասեմ, թե ինչու որոշեցի վերադառնալ: Հենց այս հարցազրույցի ընթացքում ես մի շարք մտահոգություններ հայտնեցի:  Դրանք ինձ ստիպում են անտարբեր չմնալ: Այս որոշումը չէի կայացնի, եթե անհանգստություններս չդրդեին ինձ  մուտք գործել քաղաքականություն»:

Անդրադառնալով նոր կառավարության հնարավոր սխալների ու անփորձության մասին լրագրողի հարցին՝ Ռ. Քոչարյանն ուղղում է՝ անփորձություն ասվածը չափազանց մեղմ է նոր իշխանությունների համար: Երկրորդ նախագահըփաշինյանի կառավարությանը մեղադրում է  անզուսպ պոպուլիզմի, պետական կառավարման մեխանիզմի թյուրընբռնման մեջ, հիշեցնում իր կառավարման տարիների տնտեսական ցուցանիշները:

Այս հարցազրույցում ևս Քոչարյանը իր նկատմաբ քրեական հետապնդումը  քաղաքական վենդետա է որակում և լրագրողի զարմանքին ի պատասխան  պնդում՝ այսօր իշխանության են եկել մարդիկ, ովքեր տասը տարի առաջ՝ 2008-ի մարտի 1-2-ին, զանգվածային անկարգություններ են կազմակերպել, որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել՝ ասում է Քոչարյանը:

«Հենց այդ պատճառով էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին: Այսինքն, տասը տարի անց իշխանության են եկել մարդիկ, ովքեր այն ժամանակ պարտվեցին ընտրություններում, և հիմա նրանց մտքում, թերևս այն է, թե ինչպես հաշիվներ մաքրել այն մարդկանց հետ, ում իրենք համարում են թշնամիներ»:

Հարցին, թե արդյոք վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառները, նախկին   նախագահն այսպես է արձագանքել․

«Կարծում եմ Սերժ Սարգսյանը չպետք է սահմանադրական փոփոխություններ կատարեր: Ես ժամանակին հանդես եմ եկել այդ փոփոխությունների քննադատությամբ: Եվ, իհարկե, չպետք է փորձեր իշխանությունը պահել իր ձեռքում՝ իր աթոռից նստելով վարչապետի աթոռին»:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ 2-րդ նախագահի տեսակետի հետ, չի կարծում, որ  իշխանափոխություն չէր լինի, եթե Սերժ Սարգսյանը չընտրվեր վարչապետ, իսկ Սահմանադրությունն էլ այդ նպատակին հասնելու համար չփոխվեր։

«Սահմանադրությունը փոխվել է ոչ թե Սերժ Սարգսյանի՝ 3-րդ ժամկետով պաշտոնավարման համար, այլ փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով: Հարգելով 2-րդ նախագահին՝ միևնույնն է, այս կարծիքի հետ համաձայն չենք, սակայն սա չի նշանակում, որ շատ ու շատ այլ լայն  հարցերի վերաբերյալ մենք չենք կարող համագործակցել»:

Երկրորդ նախագահը համոզված է, որ կոնսոլիդացիոն լուրջ կենտրոն կարող է դառնալ  ընդդիմադիր ուժերի համար: Արդյոք այդ կենտրոնի շուրջ  պատրաստ է համախմբել նաև Հանրապետականը:

Ճիշտ նույն տոնով՝ ոչ հերքելով,  ոչ հաստատելով է Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության մասին խոսում Դաշնացությունը:  Այս փուլում Արմեն ռուստամյանը միայն մեկ ճշգրտում  է անում. անվերապահ որևէ մեկին չեն աջակցում:

Այս փուլում խիստ միանշանակ է խորհրդարանակն Ելք խմբակցության դիրքորոշումը: Այս դաշինքը թեև Երևանի ավագանու ընտրություններին մասնացում է երկու միավորով, բայց Էդմոն մարուքյանը հորդորում է սա դեռևս դաշինքի տրոհում չհամարել ու այդ մասին խոսել միայն այն ժամանակ, երբ պաշտոնական հայտարարություն լինի: Առանցքային հարցերում ասում է  տարաձայնություններ չունեն, օրինակ այն հարցում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձի դեպքում քաղաքական հաջողության շանսեր չունի:

Հանրապետության երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ: Նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել՝ պահանջելով  բեկանել այն : Առայժմ հայտնի  է միայն, որ բողոքը մուտքագրվել է  Վճռաբեկ դատարան:

Back to top button