ԿարևորՀասարակություն

Կամայաբար, թե բնականոն. ինչպես են բանկերը ներում ժամկետանց վարկերի տույժերը

Ինչ ընթացքում է կառավարության որոշմամբ մինչեւ այս տարվա մայիսի 31-ը անհուսալի դասակարգված վարկերի տույժերի ու տուգանքների ներման գործընթացը, արդյոք այն բոլոր վարկառուների վրա է տարածվում, եւ որքանով են հիմնավոր մտահոգությունները, թե բանկերը որոշակի վերապահումով են մոտենում գործադիրի որոշման կատարմանը:

Վարկ վերցրած, սակայն մարել չկարողանալու պատճառով տույժերի ու տուգանքների տակ կքած քաղաքացիների հոսքը բանկեր շատ ակտիվ է` «Ռադիոլուրին» պատմում է հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը: Դիմում են` հույսով` ազատվել տույժերից, որոնք որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են վարկի մայր գումարի չափը:

Բանկերն ու վարկային կազմակերպություններն առաջարկում են անհուսալի վարկերը փակելու երեք հիմնական տարբերակ. Առաջին` միանգամից վճարել վարկի մայր գումարը ու ազատվել տուգանքներից, երկրորդ` տարաժամկետ վճարման ժամանակացույց կազմել, երրորդ` կնքել վերավարկավորման պայմանագիր: Սա արդեն ամեն բանկի ներքին որոշման հարցն է:

«Կոնկրետ մի բանկի օրինակով կարող եմ ասել, որ համաներվում են վարկերի կուտակված տույժերն ու տուգանքները, նվազեցվում է վարկի ձեռքբերման պահին առկա տոկոսադրույքը, նաեւ հանվում են բոլոր սպասարկման վճարները»:

Մյուս զրուցակիցս քաղաքացի է, պատմում է, որ այս օրերին բանակցում է իրեն սպասարկող բանկի հետ: Ժամանակին փորձելով օգնել ընկերոջը` իր անունից նրա համար վարկ է վերցրել, բայց մնացել եւ չմարված վարկի, եւ վարկի տույժերի հետ միայնակ` այն էլ բանկի «սեւ ցուցակում»: Այժմ իրեն անհրաժեշտ վարկ էլ չի կարող վերցնել: Հույս ունի թեթեւացնել վարկային բեռն ու, եթե հնարավոր է, մաքրել վարկային պատմությունը: Ասում է` ճանաչում է մարդկանց, ում արդեն սահուն կերպով ներվել են տույժերը: Ինքն անձամբ դեռ փաստաթղթային հարցերի մեջ է:

Իրոք բանկերը կամայաբար կարող են մոտենալ քաղաքացիներին: Բանկի ներկայացուցիչը նախ հստակեցնում է` իրենք այս պարագայում էլ են գնահատում իրենց ռիսկերը`արդյոք քաղաքացին ի վիճակի է հետայսու պարտաճանաչ մարել վարկը, թե նոր անհուսալի վարկային գործ է ձեւավորվելու:

«Այո, օրենքի ուժով նշանակում է, որ համաներումը պետք է տարածվի բոլորի վրա, բայց կարող են լինել բանկեր, որոնք իրենց ենթապայմանները կառաջարկեն` նշված ինչ-որ նվազագույն շեմ վճարած լինեն, կամ միանվագ որոշակի կլորիկ գումար վճարեն, հետո միայն այս մարդկանց հետ կնքեն հաշտության համաձայնագիր ու ներել տույժ-տուգանքները»:

Շատ վարկառուների՝ դատարաններում ու ակտերի հարկադիր կատարման փուլում գտնվող գործերի վարույթներ արդեն կասեցվել են:

Կենտրոնական բանկից «Ռադիոլուրին» փոխանցում են` տույժ-տուգանքների ներումը սկսված է: Որոշ բանկեր արդեն հրապարակում են ներված գումարների չափը` առանձնացնելով հատկապես գյուղվարկերի պորտֆելը: Որոշներն էլ դեռ ներքին ընթացակարգեր են հստակեցնում, որպեսզի տույժերի ներմամբ նոր ռիսկային վարկեր չունենան: Այստեղ արդեն բանկ-հաճախորդ երկխոսության մակարդակում են կարգավորվում հարցերը, դիտարկվում են քաղաքացու վարկային պատմությունն ու  պարտավորությունները: Այս օղակում էլ շատ խնդիրներ են բացվում. շատերը մի նպատակով վարկ են վերցրել, բայց բոլորովին այլ նպատակի ծառայեցրել: Երբեմն վարկառուն գումարը փոխանցել է երրորդ անձի: Որոշ դեպքերում վարկառուները թերի տեղեկություն են տրամադրել իրենց մասին: Մեկ այլ բանկի ներկայացուցիչ էլ մեզ հետ զրույցում ընդգծում է`

« Օրենքը բանկերին հնարավորություն է տալիս կատարել այս գործընթացը, բայց պարտադիր բնույթ չի կրում. սա ուզում եմ հատուկ ասել: Այսինքն` բանկերի հայեցողությանն է` մերժել կամ հաստատել: Այսինքն` եթե քաղաքացին մոտեցավ, ու պայման դրվեց ասենք կիսով չափ մարել մայր գումարը, եւ քաղաքացին հրաժարվեց, բանկը կարող հրաժարվել տույժերի-տուգանքների զրոյացումից»:

Ըստ հաշվարկների` շուրջ 100 հազար քաղաքացի ունի ժամկետանց վարկերի խնդիր:  Նրանք կարող են մինչեւ տարեվերջ փաստաթղթերը ներկայացնել ֆինանսական հաստատությանը: Հիմնական  ակնկալիքը` վարկային ոլորտը հնարավորինս առողջացնել, մի կողմից` թեթեւացնել քաղաքացու ֆինանսական բեռն ու մաքրել վարկային պատմությունը: Մյուս կողմից սա նաեւ բանկին է ձեռնտու` լիովին անհուսալի վարկերի գոնե մայր  գումարները հետ ստանալու  հնարավորություն է:

Back to top button