Վերլուծական

Պատմական այցին պետք է հաջորդեն գործնական քայլեր. քաղաքագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում այսօր քննարկվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջան այցը:

Քաղաքագետներից ոմանք կարծում են, թե այցի նպատակը ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու, ռուսական գազին այլընտրանք ունենալու հարցերով էր պայմանավորված, ոմանք էլ մեջբերելով կանցերի հայտարարությունները փարատում են այդ ծրագրի իրագործման հավանականությունը գոնե առաջիկայում:

Մերկելի Հայաստան այցը որակվում է պատմական: Սակայն դրան պետք է հաջորդեն կոնկրետ ծրագրեր:

Պատմական այցին արագ պետք է հաջորդեն գործնական քայլեր. փորձագիտական, քաղաքագիտական շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան որակվում է աննախադեպ, սակայն դրական տպավորություններից ու գեղեցիկ հիշողություններից բացի պետք է նաև հստակ ծրագրեր ներկայացվեն: Այցերը թուղթ ու գրիչով պետք է ամրագրվեն, ոչ միայն տպավորություններով՝ ասում է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը.

«Մտածեք, թե ինչպես պետք է շահագրգռեք: Այցը, հակառակ դեպքում, կլինի անհրաժեշտ, բայց ոչ բավարար, համագործակցությունը արդյունավետ համարելու համար»:

Առաջարկին անմիջապես հաջորդեցին հավանական ծրագրերի մասին  մի քանի հուշումներ: Մասնավորապես, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ մատնացույց անելով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների առկայությունը, խորհուրդ տվեց մտածել գերմանական խոշոր ընկերությունների գործունեությունը այսուհետ Հայաստանում ծավալելու նախաձեռնությունների մասին.

«Սիմենս կոնցեռնը, Դայլերը հայտարարել են, որ դուրս են գալիս իրանական շուկայից, գուցե իրոք փորձենք ձեռնարկություններ ստեղծեն Հայաստանում ու լիզինգով տան Իրանին»:

Մոդուս-Վիվիենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ առաջարկեց, օրինակ, Էրբասների նորոգման աշխատանքերը կազմակերպել Հայաստանում, հաշվի առնելով, որ մեր հարևան երկրում էրբասների թիվը շատ է, իսկ դրանց նորոգմամբ զբաղվում են ֆրանս-գերմանական ընկերություններ: Առավել ևս, որ  Գերմանիան ակնհայտ ակտիվություն է դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ, քաղաքական ակտիվությունն էլ տնտեսական ակտիվության հետևանք է՝ ասաց: Կոնկրետ Հայաստան Մերկելի այցը նա ճանաչողական համարեց, բայց նաև խոսեց ակնկալիքների մասին.

«ՀՀից ակնկալում են տեսնել, թե որքան լավ կանցնեն ընտրությունները ՀՀում, որպեսզի գործնական քայլերի անցնեն: Մերկելի հրավերը ուղղված Փաշինյանին նաև դրա վկայությունն է»:

Մերկելի տարածաշրջանային այցը դիտարկելով`  ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու, ռուսական գազին այլընտրանք ունենալու դիտանկյունից, նա նկատեց, որ դա վատ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, քանի որ Մոսկվան, մասնավորապես Գազպրոմը,  թույլ չի տա, որ  ռուսական գազին այլընտրանք ունենա Եվրոպան, իսկ ադրբեջանական գազի մուտքը Եվրոպա կասեցնելու ճանապարհը տարածաշրջանի ապակայունացումն է՝ ասաց:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մինչդեռ այս նախաձեռնության իրագործումը քիչ հավանական համարեց այսօր.

«Ռուսաստանի կախվածությունը թուլացնելու համար, կախվածության մեջ մտնել այսօրվա Թուրքիայից չեմ կարծում կերջանկացնի Եվրոպային կամ Գերմանիային»:

Ի լրումն՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մի հիշեցում արեց. «Մերկելն ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է և չի կարող այլընտրանք ունենալ»:

Տարածաշրջանային այցով Վրաստան Մերկելի ժամանումն էլ փորձագետներն ավելի շատ դիտարկեցին Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի համատեքստում:

Ամեն դեպքում՝ Գերմանիան հավատարիմ է մնում արևելյան երկրների  եվրոպականացման  տեսլականին ու հետևողականորեն, բայց նաև շատ հանդարտ, առանց այլ երկրների հետ հարաբերությունները սրելու, գնում է այդ ուղղությամբ՝ կարծում են քաղաքագետները:

Back to top button