Հասարակություն

Նուբարաշենցիների խնդիրը կլուծվի՞

Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին երկու օր է նուբարաշենցիները փակել են՝  պահանջում են աղբավայրի խնդրի լուծում։  Պահանջում են ժամանակավորապես լուծում գտնել՝ հողի շերտով ծածկել աղբը։

Տեղացիները պահանջում են, որպեսզի աղբ չբերվի տարածք, մինչև ծանր տեխնիկան այն հավաքի մի տեղում։

 

 

Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ բնակիչներին  համաձայնել է ընդունել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը:  Բնակիչներն էլ 5 հոգանոց խմբով հստակ առաջարկներով  եկել  էին  քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետարանի դռների մոտ արդեն պարզ դարձավ, որ հանդիպումը հնարավոր չէ լուսաբանել:

Բանակցությունները արդյունք չտվեցին, պատճառաբանեցին, որ  սենյակը փոքր  է ու   բոլոր լրագրողները չեն կարող տեղավորվել:  Մի խոսքով՝ երկար- բարակ բանակցություններից հետո լրագրողներս որոշեցինք, որ մեկ լրատվամիջոց ներկա լինի հանդիպանը և համացանցում ապահովի ուղիղ  եթեր:

Հենց այդ ուղիղ եթերով էլ տեղեկացանք, որ ՀՀ կառավարության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր՝ հարակից  տարածքում  ժամանակակից աղբավայր կառուցելու համար: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո  Արեյանը  համաձայն էր բնակիչների բոլոր դիտարկումների հետ, ընդունեց, որ տարիներ շարունակ այնտեղ աշխատանքները թերի են կատարվել:

Տեղեկացանք նաև, որ  քաղաքային նոր աղբավայրը 28 հա-ի  վրա  է կառուցվելու ու  այն  պատրաստ կլինի  1-2 տարում։ Այն լինելու է   ժամանակակից աղբավայր՝  հագեցած  լուսավորության   համակարգով, գործելու է դրենաժային համակարգ, ընդունիչ կետ, պահակային ծառայություն և այլն: Իսկ մինչ այս աշխատանքների մեկնարկը՝ Կամո Արեյանը բնակիչներին խոստացավ վաղն այցելել  Նուբարաշեն՝ ժամանակավոր լուծում գտնելու համար:

Իսկ հիմա  անդրադառնանք   քաղաքապետարանի  տարիներ շարունակ որդեգրած աշխատելաոճին: Լրագրողներիս հանդիպման չթողնելով՝ նշվում էր, որ փոխքաղաքապետի եւ քաղաքացիներիս հանդիպման սենյակը փոքր է, լրագրողներս այնտեղ չեն տեղավորվի։ Արդեն հանդիպման ժամանակ հասկացանք, թե քաղաքապետարանի համար ինչ ասել է փոքր սենյակը։ Այնտեղ հանդիպումը լուսաբանելու համար կտեղավորվեր ընդամենը 10-15 լրագրող։ Բայց նշեմ, որ քաղաքապետարանում ընդամենը հինգ լրագրող էինք։

Back to top button