ԿարևորՔաղաքական

Յուրի Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին

Դատարանի սահմանած 5 միլիոն դրամի գրավը վճարելուց հետո՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնեց Հայաստանից՝  ՀԱՊԿ-ում իր պարտականություններն իրականացնելու համար:

Միաժամանակ նա պարտավորվել է հարցաքննության կամ քննչական գործողության մասնակցելու հրավեր ստանալու դեպքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Հայաստանում, սակայն, Յուրի Խաչատուրովի հետ կապված կա մեկ այլ դատական գործ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անվան հետ կապված բազմաթիվ իրադարձությունների կողքին ավելացավ եւս մեկը: Թեեւ նա բացակայում է Հայաստանից, բայց քաղաքացիական հայցով դիմել է դատարան ընդդեմ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի:

Ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի ԶՈւ- Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը խիստ վիրավորական եւ զրպարտիչ է համարել «հողեր ծախելու», «պետական դավաճանության» եւ «ապրիլյան պատերազմի ժամանակ տեղում չլինելու» իրեն ուղղված մեղադրանքները, որոնք Ստեփան Գրիգորյանն արել էր հուլիսի 30-ի իր ասուլիսում:

Խաչատուրովը կամ իր փաստաբանը չեն փորձել հանդիպել Ստեփան Գրիգորյանի հետ, որոշել են միանգամից գնալ դատական ճանապարհով եւ օգտվել «Քաղաքացիական օրենսգրքի» տված ամբողջ հնարավորությունից:

Տվյալ հայցի՝ պատվի եւ արժանապատվության արատավորման դեպքերի համար նախատեսվում է հերքում՝ եթե արտահայտությունները եղել են ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ՝ մինչեւ 2 միլիոն դրամ ոչ նյութական վնասի հատուցում: Ի՞նչ է պահանջում Խաչատուրովը՝ «Ռադիոլուրը» պարզեց նրա փաստաբան Գրիգոր Բեքմեզյանից:

«Քաղհայցով  պահանջվել է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում  Ստեփան Գրիգորյանը պարտավորվի հարցազրույց տալ, որում կհերքի Յուրի Խաչատուրովի վերաբերյալ նախկինում իր կողմից հնչեցրած տվյալները, ապա այդ հարցազրույցի տեսագրությունը տեղադրի իր ՖԲ էջում: Հայցով նաև պահանջվել է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին վճարել 2 մլն ՀՀ դրամ ՝ որպես պատիվն  ու արժանապատվությունը արատավորող  սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բարի համբավին հասցված բարոյականոչ նյութական վնասի փոխհատուցում»:

Հայցվորը դատարան է դիմել օգոստոսի 10-ին եւ այժմ սպասում է դատարանի հետագա գործողություններին: Նիստի օրը դեռ նշանակված չէ: «Ռադիոլուր»-ը փորձեց զրուցել նաեւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Նրա հեռախոսազանգերին պատասխանում են  այլ անձինք, փոխանցում են, որ քաղաքագետը շատ զբաղված է եւ չի կարող խոսել:

Հաստատեցին միայն, որ Գրիգորյանը դատարանից ծանուցում դեռ չի ստացել: Խաչատուրովի փաստաբանի հարցմանն ի պատասխան՝ խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Գրավոր պատասխանում ներկայացված է.

«2016 թ. ապրիլի 2-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է գտնվել Յուրի Խաչատուրովը, ով ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10-03:15 սահմաններում ներկայացել է ծառայության վայր եւ զինված ուժերի կառավարումը իրականացրել անմիջապես իր կառավարման կետից:

Հայտնում եմ, որ նշված պատասխանի հիմնավորող փաստաթղթերի պատճեները չենք կարող տրամադրել, քանի որ պարունակում են գաղտնի տեղեկատվություններ»:

Արդյո՞ք Խաչատուրովն անձամբ պատրատսվում է մասնակցել դատական նիստերին, այսինքն՝ Ռուսաստանից վերադառնալ Հայաստան՝ «Ռադիոլուր»-ը հարցրեց փաստաբան Գրիգոր Բեքմեզյանին:

«Այդ հարցը դեռ իր հետ չենք քննարկել»:

Դատական ընթացակարգը թույլ է տալիս, որ այս դեպքում Խաչատուրովը չներկայանա դատարան՝ գործի ընթացքը վստահելով իր փաստաբանին:

Back to top button