Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում խոսել է Տնտեսական առաջընթացի կառուցվածքի եւ գաղափարաբանության մասին։
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, ինչը ենթադրում է հարկային դաշտի պարզեցում և եկամտահարկի նվազում:
«Մենք այս պահին քննարկում ենք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է արվել: Մենք պետք է գնանք հարկային դաշտի պարզեցման և եկամտահարկի նվազեցման: Ես հիմա չեմ ուզում շատ կոնկրետ հայտարարություն անել, որովհետև մի քանի սցենարներ կան, թե մենք ինչպես ենք դրան գնալու: Ես ուղղակի հստակ ասում եմ, որ մենք եկամտահարկի իջեցում ենք ունենալու»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով, փոփոխություններ են լինելու նաև պետական գնումների օրենսդրության մեջ, լուրջ բարեփոխումներ են իրականացվելու հանրային կառավարման համակարգում:
Ըստ վարչապետի՝ տնտեսության զարգացման կարևոր նախապայման է համարվում կրթության, գիտության և առողջապահության արտահանումը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր:
Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ աշխարհում կան բազմաթիվ առաջնակարգ բուհեր, տարբեր շերտերի, բայց միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ լինեն հարյուրավոր կամ հազարավոր դիմորդներ, որոնց դա հետաքրքրի: Այսինքն, եթե աշխարհում կա Քեմբրիջ, Հարվարդ, Կոլումբիայի համալսարան և այլն, դա դեռ չի նշանակում, որ աշխարհում այլ համալսարան չկա:
«Օրինակ՝ իմ երեխաները սովորել են Տարտուի համալսարանում, որը գտնվում է հետխորհրդային երկրում, որտեղ ուսման վարձերը շատ մատչելի են, նույնիսկ Հայաստանի որոշ բուհերի հետ համեմատելի են: Ես նկատի ունեմ, եթե հայաստանյան բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որ բոլոր բուհերը միտված լինեն արտերկրից ուսանողներ ներգրավելուն և սահմանեն գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որն ընդունելի լինի, միշտ էլ կա սեգմենտ, որին կարելի է ներգրավել»,- մանրամասնեց վարչապետը՝ շեշտելով, որ բուհական համակարգի բարելավումը երկրի տնտեսության զարգացման համար շատ կարևոր նշանակություն ունի:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև առողջապահական քաղաքականությանը՝ շեշտելով, որ շատ կարևոր է, որպեսզի այդ քաղաքականությունը իրականացվի այնպես, որ առողջապահական համակարգը գրավիչ լինի արտերկրից պոտենցիալ հաճախորդների, հիվանդների համար, ովքեր կգան Հայաստան առողջապահական որոշակի ծառայություններից օգտվելու:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ վարչապետը շեշտեց, որ գիտությունն այսօր դարձել է գլոբալ երևույթ: «Մենք այսօր «Ինժեներական քաղաք»-ում ականատես եղանք, թե ինչպես են մեր գիտնականները մասնակցում գլոբալ նախագծերի, օրինակ՝ տիեզերական նախագծերի և այլն: Պարտադիր չէ, որ այդ գիտնականը ֆիզիկապես լինի ինչ-որ մի տիեզերանավի կողքին կամ տիեզերակայանում: Պետք է այնպես ապահովել, որ մեր գիտնականները կարողանան իրենց ծառայությունները մատուցել ու նաև իրենց փորձը փոխանցեն մյուս սերունդներին, որպեսզի ձևավորվի մասնագիտական բազա և ունենանք նաև մեր գիտական ծառայություններն արտահանելու հնարավորություն: Մենք ունենք ուղղակի գիտություն, որն ուղղակի գործնական որևէ գործառույթ չի իրականացնում: Մենք պետք կարողանանք հասնել նրան, որ մեր գիտությունը գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ և գլոբալ առումով, և Հայաստանի համար»,- եզրափակեց վարչապետը: