ԿարևորՀասարակություն

Ով է լուսանկարել Մանվել Գրիգորյանին. Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել

Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ լրագրողական էթիկան. այս սկզբունքներն այսօր բախվել են հստակ մի հարցի շուրջ՝ հրապարակվել է բանտախցում նստած Մանվել Գրիգորյանի լուսանկարը:

Նկարից պարզ երեւում է՝ Գրիգորյանը չի նկատել, որ իրեն լուսանկարում են: Քննարկումները շատ բուռն են՝ մի կողմից հորդորում են չմոռանալ «զինվորի բաժին»-ը յուրացնելու մասին, մյուս կողմից պնդում են մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե ով եւ ինչ պայմաններում է լուսանկարել կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին:

Գրիգորյանի լուսանկարը բանտախցից այսօր լայնորեյն տարածվում է համացանցում եւ բուռն քննարկումների պատճառ է դարձել: Իրավապաշտպանները դժգոհում են: Կատարվածին առաջինն արձագանքեց Հայաստանի Հելսինկյան Կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը: «Չեմ կարող լռել» խոսքերով իրավապաշտպանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«
Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել եւ հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում»։

Խոսքի ազատությունը չի կարող ոտնահարել մարդու այլ իրավունքները՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը՝ շեշտելով՝ իրավիճակ է փոխվել նաեւ արդարադատության ոլորտում, ուստի անձը օրենքով պետք է պատասխան տա իր արաքների համար, այլ ոչ թե ստորացվի:

Մանվել Գրիգորյանի լուսանկարի հարցը բուռն քննարկում է առաջացրել նաեւ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում: Մի կողմից իրավունքների պաշտպանության ջատագովներն են, մյուս կողմում այն անձինք, ովքեր պարտադիր հիշեցնում են Մանվել Գրիգորյանի արարքները: Այս խումբը պարտադիր չի համարում կայքի կողմից ներողություն խնդրելը:

Անահիտ Մելքոնյան. «Դուք,ոչ մի վատ բան չեք արել,երբեմն մարդկանց կարելի է այսպես հասկացնել,որ միշտ մարդ մնան: Այն աստիճան է՝ մի պահ բարձրանում ես, մի պահ էլ իջնում,դրա համար չպետք է նսեմացնես դիմացինիդ, որ չնսեմանաս»:

Թագուհի Հովհաննիսյան.  «Մի բան անելուց առաջ պետք է մտածել, որ հետո ներողության կարիք չլինի»:

Մարինե Մուրադյան. «Ներողություն եք խնդրում նորից նկարը գցելո՞վ»:

Զարինե Սարգսյան. «Ճիշտ են արել՝ հրապարակել են: Նրան հասնում է: Նորմալ է»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի համար վիճահարույց հարցի հստակ պատասխանը հայտնի է: Կան իրավապաշտպանի հստակ նորմեր, որոնք պետք է կիրառելի լինեն լրագրողից մինչեւ արդարադատության նախարար:

Մանվել Գրիգորյանի լուսանկարը առաջինը հրապարակել է «Հայկական ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքը: Այսօր լրատվամիջոցը ներողություն է խնդրել՝ նշելով, որ  լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր: Լրատվամիջոցը չի բայցելու իր աղբյուրը, բայց հուս ունի, որ պատկան մարմինները կհայտնաբերեն եւ կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։

Back to top button