ԿարևորՔաղաքական

Ոստիկանությունը կաշկանդված չի եղել եւ չի լինելու առաջիկա ընտրություններին. Օսիպյան

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը խոսել է նաեւ առաջիկա ընտրություններում ոստիկանության դերի մասին:

Ոստիկանապետը հակադարձել է նաեւ պնդումներին, թե առաջիկա ընտրություններում ոստիկանությունը լինելու է կաշկանդված, քանի որ վարչապետին առընթեր մարմին է:

Վերջին 15 տարիներին ոստիկանությունն առընթեր է եւ մինչ օրս համարվում է վարչապետին կից եւ ես չեմ կարծում, որ ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել՝ հայտարարել է Վալերիյ Օսիպյանը:

Նա վստահեցրել է, որ առավել եւս այսօր ոստիկանությունը գործելու է էլ ավելի թափանցիկ:

Ինչ-ինչ պատճառներով մարդիկ փորձում են նախապես ստվերել ոստիկանության բացառիկ թափանցիկությունը՝ հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Խոսքը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի մասին է:

«Հավաստիացնում եմ մեր հասարակությանը, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել եւ, առավել եւս, չի լինելու առաջիկա ընտրություններին: Ինքներդ կհամոզվեք եւ ողջ հայությունը»:

Արձագանքելով մեկ այլ հարցի՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, թե որքան էլ ոստիկանությունը լավ աշխատի, այնումենայնիվ, հասարակության մեջ լինելու են շերտեր, քաղաքացիներ, որոնք միշտ դժգոհելու են: Նրա պատկերավորմամբ՝ ոստիկանությանը սիրում են մինչեւ օրենք կիրառելը:

«Դրա համար՝ ոստիկանը կարող է լավ լինել միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացիների համար»:

Հանցավոր մտադրություններ ունեցող քաղաքացիների նկատմամբ միանշանակ իմ եւ իմ գործընկերների դիրքորոշումը լինելու է  շատ խիստ՝ օրենքի սահմաններում՝ միայն ու միայն՝ հավելեց Վալերիյ Օսիյանը: Ընտրությունների մասով էլ վստահեցրեց, որ ՀՀ պատմության մեջ առաջիկայում կունենանք բացառիկ ընտրություն, այդ թվում՝ նաեւ ոստիկանության ծառայությունների մատուցման մասով:

«Անթույլատրելի եմ համարելու ամենաարատավոր երեւույթը՝ ընտրակաշառքը, որը եղել է ցանկացած ընտրության ժամանակ եւ որը ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Որեւէ մեկը, անկախ դիրքից, կարողությունից, պաշտոնից, ՀՀ-ին մատուցած ծառայություններից, չի կարող … որեւէ արարք արդարացի չի լինելու: Պատժվելու են բոլորը՝ եւ կաշատք տվողը, եւ կաշառք վերցնողը: Հավաստիացնում եմ»:

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ միայն ոստիկանապետի հայտարարությունները բավարար չեն նման ընտրություններ անցկացնելու համար: Իշխանությունը պետք է կամքը ունենա՝ ասաց՝ հիշատակելով, որ նախկինում որեւէ ընտրակաշառքի դեպք չի բացահայտվել ու դատապարտվել: Հիմա, սակայն, նրա խոսքով՝ կա ավելի լավ ընտրություններ անցկացնելու իշխանության ցանկությունն ու կամքը:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ այդ ամենին կնպաստի նաեւ ԸՕ-ում նախատեսված փոփոխությունները, որոնցով խստացվում են ընտրախախտումների պատժամիջոցները, այդ թվում՝ նաեւ ընտրակաշառքի հետ կապված:

Գրեթե բոլոր ընտրություններում մենք ունեցել ենք նաեւ խնդիրներ-անվստահություն՝ ընտրացուցակների հետ կապված: Արձագանքելով մեր այս դիտարկմանը՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր տեղեկացրեց, որ ընտրացուցակների հստակեցման աշխատանքներ ոստիկանությունը 15 օր առաջ արդեն սկսել է:

Գործընթացը շարունակական է լինելու եւ ընտրություններում մենք կհասցնենք ունենալ ճշտված-ճշգրտված ցուցակներ՝ հավաստիացրեց ոստիկանապետը: Նրա խոսքով, սակայն, դրանից հետո էլ կարող են անճշտություններ առաջանալ. հեռու տնից-տեղից մարդիկ մահանում են՝ ասաց: Նշեց նաեւ, որ ցուցակներում այս պահին էլ բավականին լուրջ անճշտություններ իրենք հայտնաբերել են: Խոստացավ՝ գործընթացի ամբողջական ավարտից հետո այդ ամենը կներկայացվի հանրությանը:

Դիտարկմանը, թե նախորդ ավագանու ընտրություններից մինչեւ այսօր ընտրացուցակների ճշգրտման համար կարճ ժամանակ է՝ Վալերի Օսիպյանը չհամաձայնեց: Շեշտեց, որ ընտրացուցակների անճշտությունների համար այդ ժամանակը կարճ չէ:

Back to top button