Վարչապետի հայտարարությունից հետո այսօր դեռ շատերը փորձում են հասկանալ, թե ինչ մեխանիզմներով ենք անցնելու «անցումային արդարադատության» եւ, ընդհանրապես, ինչ է այն: Թեման վերջին օրերին առաջացրել է ավելի շատ հարցեր, բայց դրանց պատասխանները դեռ գտնված չեն մասնագետների կողմից: «Ռադիոլուր»-ն այսօր փորձել է գտնել մի քանիսի պատասխանները:
Նյուրնբերգյան դատավարությունը, ապանացիստականացման զանազան ծրագրեր Գերմանիայում եւ ճապոնացի զինվորականների նկատմամբ արդարադատությունը՝ «Տոկիոյի դատավարություն» ձեւակերպմամբ. սրանք այն պատմական նախադեպերն են, որոնք ինչ- որ չափով համապատասխանում են «անցումային արդարադատությանը»: Այս ամենը, ինչպես արդեն երեւաց, տեղի է ունեցել Երկրորդ աշխարհամարտից հետո: Իսկ ընդհանրապես հասարակությունները գնում են «անցումային արդարադատության»՝ մարդու իրավունքների լայնամասշտաբ խախտման ժամանակաշրջանի ժառանգության հաղթահարման համար՝ դատական եւ ոչ դատական մեխանիզմների միջոցով:
Վարչապետի առաջարկի մեջ որոշակի վտանգ է նկատել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Սահմանադրության մի քանի հոդված եւ գրել.
«Արդյո՞ք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների եւ մարդու իրավունքների ու ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, եւ որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով: … Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով եւ առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով* նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ» :
Հանրահավաքի ժամանակ վարչապետն ամեն դեպքում ներկայացրեց որոշակի հիմնավորումներ՝ «անցումային արդարադատության» անցնելու համար:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համար հասկանալի է վարչապետի քայլը՝ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում, կարծում է հաջողություն կլինի:
«Անցումային արդարադատության մարմիններ» ստեղծելու հետ կապված հարցերը, սակայն, ավելի շատ են, քան այս պահին եղած պատասխանները: Առաջարկի հետ կապված հստակ պատկերացումներ չկան շարքային քաղաքացիների մոտ:
Փաստաբաններն իրենք նույնպես դեռ շատ հարցեր ունեն համակարգը գործարկելուց առաջ: «Ռադիոլուր»-ը լսել է երկու գործող փաստաբանի՝ Երվանդ Վարոսյանին եւ Նորայր Նորիկյանին: Երկուսն էլ այն կարծիքին են, որ գործող օրենքները Հայաստանում թույլ են տալիս իրականացնել արդարադատություն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ծայրահեղ միջոց է համարում «անցումային արդարադատությունը»՝ հաշվի առնելով, որ այդ քայլը հիմնականում արվել է էթնիկ լուրջ բախումներից կամ երկար տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհերով ուղղորդված ռեժիմներից հետո, երբ անհրաժեշտություն է առաջացել տասնյակ հազարավոր «դահիճներին» պատժել։ Հայաստանում իրավիճակը մի քիչ այլ է:
«Ռադիոլուր»-ի հետ զրույցում փաստաբանը պնդում է, որ առկա բոլոր խնդիրները հնարավոր է լուծել դատաիրավական համակարգը շտապ բարեփոխելու եւ Բարձրագույն դատական խորհուրդը վերանայելու միջոցով:
Գոյություն ունի մինչ այժմ կիրառված անցումային արդարադատության մի քանի խոշոր ռազմավարություն կամ ձեւաչափ՝ քրեական հետապնդում, ճշմարտության հաստատման հանձնաժողով, փոխհատուցման ծրագրեր, անվտանգության համակարգի բարեփոխումներ: «Անցումային արդարադատության»-ն այսօր անդրադարձել է նաեւ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նրա կողմից արդեն նախաձեռնվել է ուսումնասիրության գործընթաց, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգն անցումային արդարադատության մարմինների ձեւավորման ու գործունեության հարցում խիստ պահանջներ է սահմանում։ Հաստատելով հանդերձ, որ առաջացած վիճակը չքաղած դասերի եւ ոլորտը անուշադրության մատնելու հետեւանք են ՄԻՊ-ն, այսօր տարածած հայտարարության մեջ հորդորում է լուծումների հասնել հետեւողական, այդ թվում՝ կոշտ, բայց բացառապես իրավական եղանակներով: