Վերլուծական

Առանց Արցախի չի կարող որոշվել վերջինիս ճակատագիրը. Դավիթ Բաբայան

Շատ կարեւոր ենք համարում մի շարք առանցքային գաղափարներ, որոնք եւս մեկ անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արցախի խնդրի հետ կապված:

 «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսօր հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով  օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան խնդրով անդրադարձի մասին:

Նախեւառաջ այն, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների համապարփակ ձեւաչափը եւ Արցախի կարգավիճակը՝ որպես բանակցող կողմ:

Կարծում եմ, որ առանց այդ լիարժեք ձեւաչափի վերականգնման պարզապես անհնար կլինի խոսել հակամարտության համապարփակ կարգավորման մասին՝ շեշտել է Դավիթ Բաբայանը:

Այդ պարագայում՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակը չի բացառել, որ ապագայում Մադրիդյան փաստաթուղթը փոխարինվի այլ մոտեցումներով: Այդպիսի հավանականություն  տեսնում է նաեւ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքների փոփոխության հավանականությանը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նկատեց, որ սկսած 1994 թվականից համանախագահները տարբեր մոտեցումներ են առաջարկել, ապա նշեց, թե Մադրիդյան փաստաթուղթը հավաքական ընդհանրական փաստաթուղթ է եւ այդ սկզբունքները պարտադիր ինչ-որ բան չեն: Նախեւառաջ՝ Արցախը չի մասնակցել այդ ամենին՝ ասաց՝ հիշեցնելով նաեւ, որ համանախագահներն էլ բազմիցս շեշտել են, որ իրենք դատավորներ չեն ու առավել եւս՝ չեն պարտադրելու որեւէ լուծում:

«Ուրիշ խնդիր է, որ մնացած բոլոր մոտեցումներն Ադրբեջանը մերժել է: Չի բացառվում, որ այս փաստաթուղթը եւս հետագայում փոխարինվի այլ մոտեցումներով: Այսինքն, այս ամենը պարզապես բանակցությունների արդյունքը պետք է լինի, այն էլ՝ լիարժեք ձեւաչափի վերականգնմամբ, իհարկե»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Մադրիդյան սկզբունքները օրակարգից հանելը դժվար գործընթաց է, սակայն, համոզված է, որ դա առաջիկայում փաստ կդառնա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պարզ է, որ, լինելով բանակցությունների հիմանական կողմ, առանց Արցախի չի կարող որոշվել վերջինիս ճակատագիրը: Այս տեսանկյունից Արցախի Հանրապետության մամուլի խոսնակը կարեւորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերահաստատած դիրքորոշումը:

« Շատ կարեւոր է, որ եւս մեկ անգամ Հայաստանի վարչապետը կարեւորեց, որ եթե լինի ագրեսիա, ուրեմն՝ Ադրբեջանը կստանա համապարփակ պատասխան: Սա եւս մեկ անգամ փաստում է, որ հայության համար Արցախի խնդիրը կարեւարագույնն է, որը անմիականորեն նաեւ առնչվում է Մայր Հայաստանին եւ մեր Սփյուռքի ապագային ու անվտանգությանը: Սա շատ կարեւոր է»:

Ըստ Դաբիթ Բաբայանի՝ բանակցություններին Արցախի մասնակցությունը կարեւոր է, քանի որ հակամարտությունն առնչվում է նաեւ սահմանների խնդրին եւ Արցախի Հանրապետությունը միշտ ներկայացրել է. մասնավորապես՝ Հյուսիսային Արցախի հարցը:

«Սա այն հարցն է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք՝ խոսքը պաշտոնական Ստեփանակերտի մասին է: Այդ հարցը հարցը չպետք է դուրս գա օրակարգից:  Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդ հարցը դնել, որովհետեւ այն առնչվում է Արցախի Հանրապետության հետ, քանի որ Արցախի հանրապետությունը ձեւավորվել է նախկին ԼՂԻՄ-ի եւ Հյուսիսային Արցախի՝ Շահումյանի շրջանի, Գետաշենի շրջանի, այսպես ասած, միավորման միջոցով: Բնական է, մենք այդ հարցերը միշտ էլ բարձրաձայնում ենք: Պաշտոնական Ստեփանակերտն է միշտ բարձրացնում եւ դա ճիշտ է ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական առումով»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումից Ադրբեջանը վախենում է, քանի որ պատրաստ չէ իրենց կողմից բարձրացվող բազմաթիվ հարցերին պատասխանելու եւ պատրաստ չէ կարգավորման: Ամեն դեպքում նա կարեւոր եւ ողջունելի է համարում, որ պաշտոնական Երեւանը վերահաստատում է բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ իր մոտեցումը:


«Ուրեմն, Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անխուսափելի է, բայց մենք հասկանում ենք, որ դա այնքան էլ հեշտ գործընթաց չի լինելու, որովհետեւ Ադրբեջանն, ըստ ամենայնի, խոսընդոտելու է դրան, փորձելու է շանտաժի լեզվով խոսել, ինչպես անում է մշտապես: Սակայն, այլընտրանք չկա. դա պահանջելու է մեծ աշխատանք ու ժամանակ»:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նույնպես կարծում է, որ զուտ գործնական տեսանկյունից Արցախի վերադարձը բանակցային ձեւաչափ, կհանդիպի Ադրբեջանի ընդդիմությանը: Ամեն դեպքում, քաղաքագետի գնահատմամբ, այս պահի դրությամբ շատ ճիշտ մոտեցում է Արցախը որպես բանակցային կողմ պահանջելը: Ասաց, որ յուրաքանչյուր սցենարում դա խիստ ձեռնտու է հայկական կողմին:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ աշխատանքը պետք է ե՛ւ պաշտոնական Երեւանի, ե՛ւ Սյուռքի, ե՛ւ Արցախի միասնական գործընթացը լինի՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ:

Back to top button