Հասարակություն

Ռազմավարական առումով մեր դիրքերը Նախիջևանի սահմանին գերիշխող են. փորձագետ

Նախիջևանի հատվածում ադրբեջանական կողմի վերջին ակտիվությունը շարունակում է մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։  ՊՆ-ից վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ  ռազմական փորձագետը նշում է, որ լայնածավալ գործողություններ միայն այդ հատվածում չի կանխատեսում: 

 

Օգոստոսի 12–ի լույս 13–ի գիշերը Նախիջևանի  հետ սահմանին ադրբեջանական կողմը  կրկին կրակել է: ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր վստահեցրեց, որ  ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են  իրադրությունը: Իսկ ադրբեջանական կողմի վերադիրքավորումների վերաբերյալ ասաց:

«Այդ հարցի առնչությամբ մենք հանրային  և այլ  խողովակներով հայտնել ենք, որ վերադիրքավորման փորձերը հայկական կողմի համար անընդունելի են, և դրանք ամեն կերպ կանխվելու են»:

ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, որ իրավիճակը վերահսկվում է: Հիմնականում անհանգստությունները սկսվում են երեկոյան  ժամերին:

«Այս պահին համեմատաբար հանգիստ է: Սովորաբար անհանգստությունները լինում են երեկոյան ժամերին, բայց  ընդհանուր առմամբ այնպես չի, որ շատ անհանգիստ է»:

Սահմանակից Երասխ գյուղում էլ իրավիճակը հանգիստ է: Գյուղապետ Ռադիկ Օղիկյանը զարմացավ, երբ լսեց կրակոցների վերաբերյալ հարցս: Հիմնականում կրակոցները լսվում են երեկոյան ժամերին, սակայն այժմ գյուղացիները բնականոն հունով են անցկացնում առօրյան՝ ասում է.

«Իմ տունն էլ թուրքի պոստերին մոտ է, բայց ես չեմ լսել: Իսկ հիմա ինչպե՞ս է իրավիճակը: Նորմալ, հանգիստ, ամեն մարդ իրա գործին»:

Այն պահից, երբ ադրբեջանական կողմը սկսեց մոտեցնել իր դիրքերը, Նախիջևանի հատվածում  լարվածությունը կանխատեսելի էր, «Ռադիոլուրին» փոխանցեց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Ադրբեջանցիները փորձում են ամրանալ առաջ տված իրենց նոր դիրքերում, հայկական կողմը փորձում է կասեցնել իրենց գործողությունները  ու բնական է, որ  հնչելու են կրակոցներ, լինելու են վիրավորներ, կորուստներ»:

Միայն Նախիջևանի կողմից լայնածավալ գործողություններն  այնքան էլ սպասելի չեն,  այնտեղ լարվածությունը կակտիվանա, եթե գործողությունները սկսվեն ամբողջ ռազմաճակատով:

«Միայն Նախիջևանից լուրջ գործողություններ դժվար թե լինեն, որովհետև  ռազմավարական առումով  Ադրբեջանի դիրքերն  այդտեղ այնքան էլ հաջող չեն»:

Իսկ հայկական դիրքերը ռազմավարական առումով ավելի գերիշխող դիրքեր են, Ադրբեջանի երկարատև հանգիստ վիճակը պայմանավորված էր դրանով՝  եզրափակեց ռազմական փորձագետը:

Back to top button