Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքից օգտվելու հարցում մասնագիտական մոտեցումները խիստ տարբեր են

Հայաստանի երկրորդ նախագահին 2018 թվականի հուլիսի 26-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 18 օր անազատության մեջ գտնվելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։ Դատարանը նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցը վերացրեց այն հիմքով, որ վերջինս օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։

 

Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման առաջին օրվանից՝ հուլիսի 26-ից մինչեւ երեկ պաշտպանական կողմը չէր օգտագործում այն հակափաստարկը, որը երեկ իր կայացրած որոշման հիմքերով դաշտ «նետեց» Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Խոսքը անձեռնմխելիության իրավունքից օգտվելու մասին է: Այսօր արդեն բոլորը փորձում են հասկանալ՝ նախագահի կարգավիճակ ունեցողը ցանկացած հանցանքի պարագայում արդյո՞ք կարող է օգտվել անձեռնմխելիությունից՝ դրանով իրեն վեր դասելով սահմանադրական սկզբունքներից: Այսպիսի ձեւակերպումը թյուր ըմբռնում է անվանում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:  Օրինակներով է փորձում ցուցադրել իրավիճակների տարբերությունը:

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացարձակ չի ընդունում անձեռնմխելիության հետ կապված նոր մեկնաբանությունները: Նա ուշադրություն է հրավիրում փաստին, որ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ կատարել է այնպիսի գործողություններ, որոնց լիազորությունը չի ունեցել անգամ այն ժամանակ:

2008-ի մարտի 1-ին Գոռ Քլոյանը Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացավ: Գոռը մահացու վնասվածքներ էր ստացել ուժային կառույցների կողմից «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցի կիրառման հետեւանքով: 10 տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց նույնականացնել զենքը, որից արձակվել էր գազային նռնակը, պատասխանատվության չկանչվեցին «Չերյոմուխո 7» կիրառողները: Իսկ այսօր Գոռի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նոր հարցեր ունի արդեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին:

Նախկին պատգամավոր, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը առաջիններից էր, որ մարտիմեկյան դեպքերից հետո ԱԺ-ում հայտարարեց, որ կատարված դեպքերի համար՝ իբրեւ գործող նախագահ, պատասխանատվությունը կրում է Ռոբերտ Քոչարյանը: Բայց այս դեպքում, ասում է՝ պետք չէ պատասխանատվությունը շփոթել մեղքի հետ:

Սա ասելով՝ Լարիսա Ալավերդյանը նկատի ունի, որ Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ ուրիշ հոդվածների կիրառման դեպքում, ասենք՝ ապօրինի հարստացման:

Back to top button