տեղադրված է ժամը 16։33- ին
լրացված է 17։58- ին
ՀՀ երկրորդ նախագահը Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, եւ այս հիմքով Վերաքննիչ դատարանը վերացրել է նրան կալանավորվելու առաջին ատյանի դատարանի վճիռը՝ լրագրողներին հայտնել է Ռոբերտ Սահակյանը։ «Վերաքննիչ դատարանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- ասել է նա։ Այսպիսով՝ դատարանը բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը։ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։
Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքն ու կալանքից ազատեց նրան։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը
«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից»։
Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյան
Ռուբեն Սահակյանը նաև նշեց, որ իրենք բավարարված են Վերաքննիչ դատարանի որոշումից և չբացառեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը։
Այսօր մինչ դատարանի որոշումը կհրապարակվեր՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ 2-րդ նախագահի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը իրավաչափ չէ, և ազատության մեջ գտնվելով՝ նա չի կարող խոչընդոտել արդարադատության իրականացմանը Շարմազանովն ասում է, որ նախկին նախագահներին կալանավորելու համար տվյալ մարմինը պետք է ունենար ոչ թե 100, այլ 150 տոկոսանոց հիմքեր, իսկ այդպիսի հիմքեր նա այս պահին ուղղակի չի տեսնում:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը ասում է, որ 10 տարում նրանք հավաքել են Մարտի մեկին վերաբերող բոլոր նյութերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատություն իրականացնող մարմնին: Վերջինս խոսքով՝ իրենք ունեն բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Մանուկյանը ավելի քան համոզված էր, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է շարունակվեր մնալ կալանքը:
Արամ Մանուկյանը նշեց նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ «Մարտի 1»-ի գործով: