Հասարակություն

Ծնողները կողմ են բջջային հեռախոսները դպրոցներում արգելելուն

Դպրոցական համազգե՞ստ, թե՞ ազատ հագուստ. ԿԳ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որևէ մեկը աշակերտին իրավունք չունի պարտադրել կրել սև ու սպիտակ համազգեստ: Նախարարի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք է տվել: Ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել նաև դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի առաջարկը: 

 

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նոր գաղափարները բավականին բուռն քննարկման առարկա են դարձել: Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում է դպրոցական համազգեստին, որին նախարարը անդրադարձել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ օգտատերերից մեկի հետ հանդիպման ժամանակ

Արայիկ Հարությունյանն արդեն իսկ շրջաբերականներ է ուղարկել բոլոր ուսումնական հաստատություններ, որպեսզի վերջիններիս վերադասները տեղեկացված լինեն՝ դպրոցական հագուստն այլևս չի կարող պարտադրվել:  Օգտատերերի կարծիքները, իհարկե, այս առումով շատ տարբեր են, խիստ բացասականից մինչև դրական:

Նախարար Արայիկ Հարությունյանը վերջին շրջանում շատ առաջարկներ է ստանում դպրոցներում բջջային հեռախոսները և հաղորդակցման այլ միջոցները արգելելու մասին։ Նախկինում էլ ուսուցիչները բողոքել են դասերի ժամանակ աշակերտների կողմից հաղորդակցության միջոցների օգտագործման կապակցությամբ, ինչն ազդում է կրթության որակի վրա: Սակայն Հայաստանում հնարավոր նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ դպրոցներում համապատասխան ենթակառուցվածքներ, ֆբ գրառման մեջ հայտնել է նախարարը: Անձամբ Արայիկ Հարությունյանը կողմ է արգելքին, բացառություն կարող է արվել այն դեպքում, երբ սմարթֆոնների  օգտագործումը պարտադիր է կրթական ծրագրով ու նպատակներով: Նախարարը, դիմելով օգտատերերին, հորդորել է մեկնաբանություններ և կարծիքներ թողնել առաջարկի վերաբերյալ: Առաջարկների ու կարծիքներին պակաս նախարարի էջում չեղավ.

«Հարգելի պարոն Arayik Harutyunyan , դասի ընթացքում հեռախոսով զբաղվելն անմիջականորեն կապված է նաև դասավանդման մեթոդիկայի հետ, եթե ուսուցիչը հետաքրքիր է ներկայացնում առարկան, ապա քիչ է հավանականությունը, որ աշակերտը «կմտնի հեռախոսի մեջ»։

«Որպես դպրոցում դասավանդող, կարող եմ ասել, որ հեռախոսները ահավոր խանգարում են։ Որպես  ծնող կասեմ, որ հեռախոսը շատ պետք է երեխայի հետ կապի համար։ Եվ ասեմ, որ լուծում կա, ու իրականացվող լուծում ։ Ամեն դասարանում պատին կախվում է փոքրիկ մի տուփ, որը փակվում է ուսուցչի կողմից բանալիով։ Երեխաները դասերը սկսվելով, հանձնում են հեռախոսները, դասերի ավարտից հետո վերցնում։ Նենց որ, լուծելի խնդիր է, էդ տուփը սարքելը մի քանի հազար դրամի հարց ա»։

«Կարծում եմ տեխնոլոգիական առաջընթացին ընդառաջ է պետք գնալ։ Արրգելելու փոխարեն` մտածել թե ինչպես ներառել սմարթ դիվայսները ուսումնական գործընթացի մեջ որպես գործիք։ Օրինակ, կիլոներով դասագիրք դպրոց տանելու փոխարեն կնախընտըեի երեխաներս պլանշետով կամ սմարթֆոնով էլէկտրոնային գրքիցն օգտվեին»։

Առաջարկը մեկնաբանությունների առարկա դարձավ նաեւ ֆեյսբուքից դուրս։ «Ռադիոլուրն» էլ իր հերթին է փորձել ծնողների կարծիքը լսել:

Ինչպես նախարարի գրառման տակ եղած մեկնաբանություններում, այնպես էլ մեր հարցումներով ակնհայտ է դառնում, որ հիմնականում ծնողները կողմ են, որպեսզի արգելվի բջջային հեռախոսներով մասնակցությունը դասապրոցեսին: Կարծում են, որ հեռախոսն անհրաժեշտ է միայն դասերի ավարտից հետո՝ ծնողներին դասերի ավարտի մասին տեղեկացնելու համար:  Մնացած բոլոր դեպքերում հեռախոսը խանգարում է:

 

 

Back to top button