Հայաստանում շնամարտերը դարձել են բիզնեսի տեսակ՝ ահազանգում են կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները
Սոցիալական ցանցում վերջերս տարածվեցին շնամարտերի լուսանկարներ, որոնք հարուցել են կենդանասերների զայրույթը: Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամները դա կապում են կենդանիների պաշտպանությունն ապահովող օրենքի բացակայության հետ: Ի՞նչ են առաջարկում նրանք:
Սոցիալական ցանցերում տարածվում են շնամարտերին մասնակցող արնաշաղախ կենդանիների լուսանկարներ: Հայաստանում կենդանիների պաշտպանության մասին օրենք չկա։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը սահմանում է տուգանք կենդանիների խոշտանգման համար եւ դրանով են փորձում կարգավորել ոլորտում առկա խնդիրները՝ ասում է «Դինգո թիմ» հասարակական կազմակերպության նախագահ Օսաննա Հովսեփյանը:
Հայաստանում շնամարտերը տարածված են, դարձել են բիզնեսի տեսակ՝ նշում է նույն կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը: Հասարակության մոտ ձևավորված այն կարծիքն էլ, որ պիտբուլ ցեղատեսակի շները նախատեսված են շնամարտերի համար, ինքը, կենդանասերը, մերժում է: Կան անհատներ, որոնք շնամարտերի համար բուծում են գամփռներ ու գելխեղդներ;
«Դեպքեր են եղել, երբ այդ բուծողների մոտ ձագեր են ծնվում, ծնվելուց 5 րոպե հետո իրենք ասում են սրանք շատ լավն են, սրանք կռվող են լինելու»:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը շնամարտերի վերաբերյալ ահազանգեր ստանում է, սակայն մինչև կենդանասերները հասնում են նշված վայր, կազմակերպիչները այն փոխում են:
«Մենք բոլորին էլ բացահայտ ասել ենք, երբ նմանատիպ ինչ որ բան իմանաք հստակ ժամ, տեղ, մենք մոտենալու ենք , մինչև վերջ հարցին լուծում տալու ենք»:
Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիներն արձագանքում կենդանիների մարտերին:
Շնամարտերի դեմ բողոքով դիմել են ոստիկանություն։ Պատասխանել են, որ շնամարտերի գործով զբաղվում է հասարակական կազմակերպություն, որի կանոնադրության համաձայն՝ այդ շնամարտը որակվել է որպես թեստավորում:
«Ստացվում է, որ կարելի է միշտ էլ օրենքից խուսափելու միջոցներ գտնել: Սպանդը կոչել վնասազերծում, կռիվը կոչել թեստավորում և անել ինչ սիրտներն ուզի:
«Դինգոյում» կարծում են, որ կենդանիների խոշտանգողները պետք է քրեական պատասխանատվություն կրել եւ մշակել են համապատասխան օրինագիծ։