Տասը տարի առաջ այս օրը սկսվեց Հարավային Օսիայի շուրջ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է որպես «օգոստոսյան պատերազմ»։ Կարճատև՝ հնգօրյա պատերազմը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց, տասնյակ հազարավոր քաղաքացիների փախստական դարձրեց։
Այսօր Վրաստանի տարբեր շրջաններում՝ մայրաքաղաքում և Գորի քաղաքում, որը 2008-ի օգոստոսին ռմբակոծությունների տակ էր հայտնվել, հիշատակի միջոցառումներ են։ Այստեղ, ինչպես նաև շփման գծից այն կողմ, տասը տարի առաջ այս օրերին խաղաղ բնակիչները ևս զոհվում ու վիրավորվում էին իրենց տներում ու բակերում։
63-ամյա Զոյա-(Սոֆյա) Մուրադովան, ով ապրում է Ցխիվալիից ընդամեն 30 կմ հեռու, Գորիի ծայրամասում, որտեղ գտնվող վրացական զորանոցը, հակառակորդի նշանակետում էր, օգոստոսի ութից գամված է անկողնում։
«2008-ի օգոստոսի ութն էր, գնում էի հարևանիս տուն սրճելու։ Առաջին ռումբն ընկավ շենքի բակում, մտածեցի, երևի էլ չի կրկնվի, իջա, երկրորդը կողքիս պայթեց։ Շնորհակալ եմ տեղում աշխատող լրագրողներին, ովքեր ինձ դուրս բերեցին կրակից»,- ասել է Մուրադովան «Ալիք մեդիայի» հետ զրույցում։
Օգոստոսյան պատերազմից տասը տարի անց դեռ միջազգային հանրությունն ու վրացական կողմը կոչ են անում ՌԴ-ին կատարել 2008-ի օգոստոսի 12-ին ստորագրված կրակի դադարեցման մասին համաձայնագրի բոլոր կետերը, դուրս բերել զորքերը վրացական տարածքներից։
Վրաստանում ներկա ու նախկին պաշտոնյաները։ վերլուծելով տեղի ունեցածը, դեռ փորձում են հասկանալ՝ ով էր պատերազմ հրահրողը։ Չնայած Միխեիլ Սահակաշվիլիի պնդումներին, ով այդ տարիներին ղեկավարում էր երկիրը, որոշ քաղաքական գործիչներ, այդ թվում նրա արդեն նախկին զինակիցները, հավատացած են, որ հենց Սահակաշվիլին է սկսել պատերազմը։
Վրաստանի նախագահի թեկնածու, անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին, ով Սահակաշվիլի իշխանության տարիներին ղեկավարել է Վրաստանի ԱԳՆ-ն, շարունակում է մեղադրել հենց Սաակաշվիլիին։ «Վրաստանն իր բոլոր դաշնակիցների կողմից զգուշացվել էր չդիմել որևէ ռազմական քայլի և զգույշ լինել: Սակայն չունենալով հույս, որևէ առավելություն, սադրանքների հետևանքով սկսում եք բնակչության զանգվածային ռմբակոծություն, ապա ինչպես դա կոչել։ Անմտություն, խենթ նախագահի քմահաճույք, թե՞ մեր դարավոր թշնամու հետ տարօրինակ և անհասկանալի համաձայնագիր»,- ասում է նա։
Վրացի փորձագետ Ռամազ Սակվարելիձեն, վկայակոչելով ռուս-վրացական պատերազմի մասին Հայդի Տալյավինի հեղինակած հայտնի զեկույցը, նշում է, որ երկու կողմերն էլ մեղավոր էին․ երկու կողմերն էլ լարել են իրավիճակը՝ հասցնելով այն պատերազմի։
«Այդ պատերազմից առաջ էլ Վրաստանը կանգնած էր ՆԱՏՕ-ի անդամակցության հարցի առաջ, ինչին չէին կարողանում համակերպվել Ռուսաստանում։ Ուստի ես գտնում եմ, որ հենց Ռուսաստանն էր հետաքրքրված այդ պատերազմով»։
Պատերազմից տասը տարի անց Հարավային Օսիայում, որի շուրջ բռնկվել էր պատերազմը, կարծում են, որ անցած տասը տարիները բեկումնային դերակատարություն են ունեցել ողջ Կովկասի համար։
Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալան Ջոսոևը Ռադիոլուրին ասում է․ «Իրենց մշտական սահմաններն են ձեռք բերել Հարավային Օսիան և Աբխազիան, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Տասը տարի անց մենք՝ Հարավային Օսիայում ապրող բնակիչներս, հարյուր տոկոսով ձեռք ենք բերել անվտանգություն։ Վատն այն է, որ փակվել են տրանզիտային ճանապարհները»։
Վրաստանում գտնում են, հարցը կկարգավորվի, եթե Ռուսաստանը քաղաքական կամք դրսևորի։ Իսկ Հարավային Օսիայից Ջոսոևը նշում է, որ հաշտություն Վրաստանի հետ վաղ թե ուշ կլինի․ «Մենք հարևաններ ենք, սակայն ազատությունը առևտրի առարկա չի կարող դառնալ»։
Օգոստոսյան հնգօրյա պատերազմի արդյունքում ՌԴ-ը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունն ու այդ տարածքներում ամրապնդել ռազմական ներկայությունը։