ՀասարակությունՄշակույթ

Բարեգործական համերգ՝ Աչաջուրին աջակցելու համար

Երաժիշտները հանուն երաժշտության ապագայի. իսկ ավելի կոնկրետ՝ «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակում առաջիկայում կանցկացվի բարեգործական համերգ, որի հասույթը կտրամադրվի Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին: Նախաձեռնության հեղինակներն են  լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներ դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը  և ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը։

 

Լոսանջելեսաբնակ մեր հայրենակիցներ՝ նախկինում «Շելլ» դաշնամուրային տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանի և ջութակահար, կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանի նախաձեռնությամբ երեք տարի առաջ ԱՄՆ-ում մեկնարկեց  «Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագիրը, որի առաջին քայլը ֆինանսական օժանդակությունն էր ապրիլյան պատերազմի հերոսների  ընտանիքներին:

Արդեն երկրորդ տարին է՝ ծրագրի բարեգործական քայլերն ուղղվում են կրթական ոլորտին։

«Այս տարի անցկացվելիք բարեգործական համերգից ստացված հասույթը ևս հատկացվելու է Աչաջուր գյուղին: Ինչպես նախկինում, այս անգամ ևս երաժշտական գործիքներ ենք տրամադրելու, նախատեսում ենք ջութակի դասարան բացել, երեխաների ուսման վարձը և ջութակի ուսուցչի աշխատավարձը վճարել»,- ասաց Շուշան Հակոբյանը:

Ծրագիրն իրականացնելու համար Կոմիտասի ինստիտուտ- թանգարանում օգոստոսի 10-ին տեղի կունենա բարեգործական համերգ, որին մասնակցելու են նաև տեղացի երաժիշտները, նրանց թվում են հանրապետության  վաստակավոր արտիստներ  Հովհաննես Այվազյանը,  Տիգրան Գևորգյանը, սոպրանո Իրինա Զաքյանը և այլն:

«Ծրագիրն անպայման ունենալու է շարունակություն, մենք պատրաստ ենք օգնել ու հոգի տալ յուրաքանչյուր երեխայի համար, որպեսզի նրանք հասնեն իրենց նպատակին»,- Շուշան Հակոբյանի ձևակերպումն է:

Մեր երեխաները չափազանց տաղանդավոր են և այդ  տաղանդն արտահայտելու համար նրանք այսօր ունեն մեր կարիքը՝ ասում են նախաձեռնության հեղինակները, որոնց բարեգործության թիրախում մասնավորապես Հայաստանի սահմանամերձ համայնքներն են:

Back to top button