Հասարակություն

Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն` հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:
Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:
Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:
Ռուսուսական կողմի փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:
Ռուս գործընկերները տեղեկացրել են, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն: Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:

Հայաստանի իշխանությունները կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ հեռանկարանային լուծումներ են նախատեսում իրականացնել, ասված է ՀՀ ՏԿՏՏ նախարարության հաղորդագրությունում:

Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար:

Երեկ ավելի վաղ նախարար Հակոբյանը և դեսպան Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում էին ունեցել վրացի գործընկերների հետ: Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե:

Նախարարը և դեսպանը անցակետում հանդիպել և զրուցել են նաև հայ վարորդների հետ:

Back to top button