ՀՔԾ պետը միջամտում է արդարադատությանը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
«Ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդպես միանշանակ։ ՀՔԾ պետը կարող է ասել՝ մենք համարում ենք այսպես կամ այնպես, բայց ինքը չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնցից կհետևի, որ տվյալ մեղադրյալը հաստատ կատարել է այդ հանցագործությունը։ Դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ խախտումն է», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման պնդում է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին միացած փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով երեկ հանրային հեռուստաընկերությանը տված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարություններին։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետը հայտարարել էր, որ, իր կարծիքով, վերաքննիչ դատարանը պետք է մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքը Քոչարյանին կալանավորելու դեմ։