ԿարևորՀասարակություն

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով երեկ ժամանել է Հունաստան։ Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հունաստանի ղեկավարն ասել է, որ հույն ժողովուրդը ամենաջերմ համակրանքն ու եղբայրական զգացմունքներն է տածում հայ ժողովրդի և Հայաստանի նկատմամբ և ուրախ է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկվեն տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա բարձրացնելու համար։

Նախարար Նալբանդյանը նախագահ Պապուլիասին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները, և նշել, որ Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում 2011 թ. Հունաստան կատարած իր այցելությունը և սպասում է Հունաստանի նախագահի պատասխան այցին: Հունաստանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիները առանձնացան Հայաստանի և Հունաստանի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր խթան է հաղորդվել ու առկա է երկուստեք պատրաստակամություն դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար: Ըստ աղբյուրի, զրուցակիցներն համակարծիք էին, որ հայ-հունական հարաբերությունները առանձնաշնորհյալ բնույթ են կրում իրենց փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակի շնորհիվ:

Նախագահ Պապուլիասը ներկայացրել է Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու նպատակով իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ էկատարվել Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցություններին: Զրուցակիցներն անդրադարձել են կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության խթանմանը: Այս առումով Հունաստանի նախագահը նշել է, որ կնախաձեռնի հայ երիտասարդներին Հունաստանի ԲՈւՀ-երում ուսանելու նպատակով հատկացվող կրթաթոշակների քանակի ավելացում։

Հանդիպման օրակարգում էին կիպրական հարցի լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Կիպրոսին սատարելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Էդվարդ Նալբանդյանը Հունաստանի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հունաստանի նախագահը խնդրել է իր հարգանքն ու ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի ղեկավարին և տեղեկացնել, որ ընդունելով ՀՀ Նախագահի հրավերը՝ սիրով կայցելի Հայաստան։

Back to top button