Պաշտոնական

Պետական այցով Հայաստան է ժամանել Իտալիայի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Իտալիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելայի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Նախագահներ Սարգսյանն ու Մատարելան հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի և Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

Back to top button