Հասարակություն

Նոր կառավարության կադրային քաղաքականությունը ամենաշատն է քննադատվում

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամենաշատը քննադատության է արժանանում ձևավորած կառավարության ու վարած կադրային քաղաքականության պատճառով:

Գործադիրի ձևավորումից մոտ երեք ամիս անց էլ այս կամ նշանակումը հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Շատ հաճախ քննադատություններն այնքան սուր են լինում, որ ականատես ենք լինում նաև հրաժարականների, ինչպես օրինակ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի դեպքում եղավ:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո ամենաշատը քննադատվել ու քննադատվում է իրականացվող  կադրային քաղաքականությունը:

Տնտեսական իրավունքի կենտրոն Հ/Կ նախագահ, կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը ևս բացառություն չէ:

Ընդհանուր առմամբ, կողմ լինելով թավշյա հեղափոխության ու անձամբ Փաշինյանի քայլերին, հայտարարում  է.

Կառավարման փորձագետը արձանագրում է՝ արտերկրում կրթություն ստացած, կոռուպցիոն անցյալ չունեցող  կադրերի մոտ բացակայում  է կառավարման ու հատկապես հանրային կառավարման  փորձը:

«Նորանշանակ պաշտոնյաները գրագետ երիտասարդներ են, սակայն նրանք չունեն կառավարման փորձ»:

Ամենաշատը քննադատվում են ՊԵԿ նախագահի նշանակումները: Դրանք գրեթե ամեն օր մամուլի ուշադրության կենտրոնում են: Տարբեր բնորոշումներ են ստանում, ինչպես օրինակ «խայտառակ նշանակումներ»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կադրերի նշանակման հարցում իր տեսակետն ունի.

«Այսօր համակարգը փորձառու կադրերի հետ մեկտեղ համալրվում է երիտասարդ պայծառ ու լուսավոր մասնագետներով՝ աստիճանական և տրամաբանական սերնդափոխություն իրականացնելու հստակ նպատակադրմամբ»։

Անանյանը խոստովանում է՝ նշանակումներ են լինում, որոնց վերապահումով է մոտենում անձամբ վարչապետը:

«Մենք զրուցել ենք այդ թեմայով և եկել ենք այսպիսի պայմանավորվածության՝ եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա կադրային նշանակումները ըստ էության ճիշտ էին: Եթե չի իրականացնում, մենք պետք է հետևություններ անենք: Եվ այդ պարագայում ես իմ նշանակումներով հանդերձ՝ ՊԵԿ-ում որևէ անելիք չեմ ունենալու»:

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում նույնպես անդրադարձավ կառավարության կադրային  քաղաքականությանը: Հայտարարեց՝ իրենց  քաղաքականության մեջ եւ քաղաքականության համար շատ կարեւոր է ապահովել համակարգերի կայունությունը:

Փաշինյանը խոստացավ՝ իրենք  անխուսափելիորեն հանգելու են  կադրային հեղափոխության էջին: Հստակեցրեց՝ կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու են  եւ հնձեն բոլորին։ Ովքեր ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին եւ արդյունավետ գործել նոր պայմանների եւ սկզբունքների շրջանակում՝ կաշխատեն՝ ասել էր:

Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ, կառավարման փորձագետ Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ Փաշինյանի շրջապատում կադրային հսկայական ռեսուրս կա:

Ինքը՝ Արիստակեսյանը, պատրաստ է այս կառավարությանը խորհրդատվություն տրամադրել՝ թեկուզ հասարակական հիմունքներով:

Back to top button