Հասարակություն

Արմավիրի դպրոցների վիճակն անմխիթար է, ջեռուցումը՝ ավանդական

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Արմավիրի մարզի  դպրոցների մեծ մասը վերանորոգման կարիք ունի:  Մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների  լուծման  նպատակով Արմավիրի մարզին 2013 թ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլրդ 261 մլն 448 հազ. դրամ: Միջոցների  մեծ մասն ուղղվելու է մարզի դպրոցների վերանորոգման, գազիֆիկացման, լոկալ ջեռուցման  համակարգի կառուցման համար:

Գյուղական դպրոցներում դեռ պահպանվել է ջեռուցման ավանդական եղանակը։ Թիթեղյա վառարաններ, հեղուկ դիզելային վառելանյութ, քամու ժամանակ ծուխ, իսկ ընդհանրապես`  վառելանյութի տհաճ հոտ, որը հաճախ դառնում է առողջության վատացման պատճառ:
Նոր Արտագեսում ամիսներ առաջ  վառելանյութի հոտից առաջացած թունավորման դեպքը դեռ վախով են հիշում: Դպրոցը  գազիֆիկացված չէ, դասարաններն էլ ջեռուցվում են դիզելային վառելանյութով:
Միջնակարգ դպրոցում սովորում է 159, իսկ նախակրթարանում 25 աշակերտ:  Նոր Արտագեսի դպրոցի  փոխտնօրեն  Բենիամին Ավդիշյանը նշում է, որ կրթօջախը շուրջ 25 տարի ջեռուցվում է դիզելային վառելիքով, իսկ քամու ժամանակ անհնարին է դառնում  դասընթացների բավարար կազմակերպումը։
Նոր Արտագեսի դպրոցը վերջին անգամ մասամբ ներքին հարդարման է ենթարկվել 1980-ական թվականներին: Տանիքն ամբողջությամբ նորոգման անհրաժշտություն ունի, որը թեթև քամուց վնասվում է, իսկ տեղումների ժամանակ` կաթոցներն անպակաս դառնում:

Բացի տանիքից այս դպրոցում  վթարային է մարզադահլիճը: Մասնաշենքի նստվածքի պատճառով հենասյուները շարժվել են և առաստաղը դարձել է վթարային: Բացի այդ՝  վտանգավոր է  նաև փայտե հատակը, որի վրա քայլելն անգամ մեծ զգուշություն է պահանջում: Վթարայնության մասին հաստատել են նաև մնասնագետները և արգելել այն շահագործել։
Նոր Արտագեսի դպրոցի վերանորոգման նպատակով  մարզերի առաջնահերթ լուծում պահանջող 4-րդ ծրագրով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն դրամ: Վերանորոգվելու են շենքի տանիքն ու պատուհանները։
Հայկավանի միջնակարգ դպրոցում  շենքային ոչ այնքան լավ պայմանները վատ չեն անդրադարձել ուսման առաջադիմության վրա:
Դպրոցում սովորում է 131 աշակերտ, անցած տարում 15 շրջանավարտից  7-ն ընդունվել ու սովորում է  պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում: Աշակերտների թիվն էլ աստիճանաբար նվազում է:
Դպրոցի ջեռուցումը կազմակերպվում է  գազի տուրբո վառարանների միջոցով, որը քամու ժամանակ անջատում են` տհաճ միջադեպերից խուսափելու նպատակով: Վառարանները վառում են ծախսը  տնտեսելով` առավոտյան  8-30 մինչև  10-30, իսկ հյուսիսային կողմում 5-6 ժամ:
Հայկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամայիս Ղազարյանը նշեց, որ դպրոցը վերջին անգամ վերանորոգվել է 1986թ-ին, ունեցածը հնարավորինս պահպանում են, սակայն նորոգման  կարիք ունի:
Հայկավանի միջնակարգ դպրոցի վերանորոգման  համար կառավարությունը հրատապ խնդիրների լուծման 4-րդ ծրագրով հատկացրել է 58 մլն. դրամ:
Արմավիրի մարզի դպրոցների շենքային պայմաններիի վիճակն ուսումնասիրելու ընթացքում տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշեց, որ մարզին տրամադրված միջոցների մեծ մասն ուղղվում են դպրոցների վերանորոգմանը, քանի որ կառույցները անմխիթար վիճակում են: Ծրագրի շրջանակներում  կան դպրոցներ, որոնց վերանորգումը շարունակական է  դարձել` ուժեղացվում են, ամրացվում, որոնց վրա մեծ գումար է ծախսվում: Աշխատանքները պետք է արվեն որակով, նախանշված ժամկետում և ողջ ծավալով։

Back to top button