Ինչ են պահանջում Ապրիլյան պատերազմի մասնակիցները
2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:
Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից այսօր քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Նրանց լսեց կառավարության ներկայացուցիչը։
Ապրիլյան պատերազմի մասնակից մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի կառավարություն՝ ներկայացնելու իրենց բողոքը: Նրանք պահանջում էին իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:
Վերջինների խոսքով՝ անարդարություն է տեղի ունեցել, քառօրյա պատերազմին մասնակցած մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը չի արձանագրվել:
Խնդիրը նոր չէ, արդեն երկու տարի է դրա մասին բարձրաձայնում են: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը տեղյակ էր խնդրին և մի քանի անգամ պարզաբանում տրվել է. եթե մարտական հերթապահություն է իրականացրել զինվորը ու չի մասնակցել մարտական գործողություններին, ապա զինգրքույկում չի նշվելու, որ ապրիլյան պատերազմի մասնակից է։ Սակայն տղաներն ասում են՝ եթե կանգնած ես առաջնագծում, ապա ինչպե՞ս կարող ես մարտական գործողությունների մասնակից չդառնալ։
«Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։ Նա կրկնեց՝ բոլոր այդ հարցերի պատասխանները, ինչ նախկինում արդեն տվել են:
Նշենք, որ կառավարության ներկայացուցիչները հանդիպեցին բողոքի ակցիա իրականացնողների հետ, խոստացան հստակ քննարկել խնդիրը տարբեր մասնագետների և վարչապետի հետ: