ԿարևորՀասարակություն

Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը` այսօր

Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում, Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը:

Իսկ մինչ այդ մամուլում, փորձագիտական շրջանակներում, արձանի տեղադրման հետ առնչվող պետական գերտեսչություններում իրարամերժ որոշումներ հրապարակվեցին՝ կասկածի տակ դնելով արձանի բացման հարցը:

Ըստ հաղորդագրության՝ այսօր քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում հուշարձանի բացման պետական-պաշտոնական արարողությանը հետեւելու է մշակութային ծրագիր:

Որքանո՞վ արձանի բացումը կդառնա պետական ծրագիր, քանի որ մշակույթի նախարարության, Քաղաքաշինության պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կային հակասություններ՝ արձանի տեղադրման, ընտրության գործընթացի վերաբերյալ: Քաղաքապետարանից ներկայացուցիչ ներկա կլինի՞ այսօրվա բացմանը լրատվականի ծառայությունից մեզ դժվարացան պատասխանել: Դժվարացան պատաասխանել նաեւ քաղաքաշինության կոմիտեից:

Մշակույթի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախարար Մակունցը ներկա չի լինի, նախարարության ներկայացուցիչ՝ նույնպես: Ըստ գերտեսչության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի՝ տարածքում արձանի տեղադրման վերաբերյալ նախարարությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան բացատրություն ստանալու համար ու դեռ չի ստացել:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են եւ նախատեսված ժամին քաղաքական- պետական գործչի արձանը կբացվի:

Մինչ արձանի տեղադրումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարեց, որ աշխատանքներն իրականացվել են օրենքներիի խախտմամբ՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների պահաջներն անտեսել են։ Ըստ կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Հասմիկ Բադալյանի, արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:

Քաղաքապետարանն էլ հակադարձեց, որ արձանի տեղադրման, ընտրության գործընթացը սկզբից մինչև վերջ կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան: Վերջին ակորդը դրեց մշակույթի նախարարությունը:

Փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ էր քվեարկել Երևանի յոթ կառույցներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին, որի թվում էր նաեւ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ օբյելկտների արտաքին տեսքն ու պատմականորեն դրանց հետ կապված տարածքը պետք է սկզբնական տեսքի բերել, այն տեսքի, որը դրանք ունեցել են շահագործման հանձնելու ժամանակ։ Մտավախության չկա՞, որ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքի պահպանման նպատակով արձանն ապամոնտաժվի. Գեղամ Մանուկյանը պատասխանեց:

«Ոչ»:

Արամ Մանուկյանի արձանը պե՞տք է մեր քաղաքին, եւ պե՞տք է տեղադրվի սահմանված վայրում՝ «Ռադիոլուրը» հարցրեց երեւանցիներին:

Back to top button