Քաղաքական

Բաց, թե՞ փակ ցուցակներ. պայքարը սկսված է

Ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական ուժերի միջեւ հիմնական պայքարը լինելու է «բաց, թե՞ փակ ցուցակներ»–ի հետ կապված: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նկատել է, որ այդ պայքարն արդեն սկսվել է:

Իրավաբան-սահմանադրագետ Արամ Օրբելյանի դիտարկմամբ էլ՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներն էլ  ընթանում են քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից: Ասաց, որ բնորոշումը դրական առումով է օգտագործում:

Հասկանալի է արդեն, որ այն կուսակցությունները, որոնք միշտ եղել են կողմ մեծամասնական կամ ռեյտինգային ընտրակարգի, հիմա փորձում են պայքարել բաց ցուցակների համար: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ տարօրինակ է, որ բաց ցուցակներին կողմ է ՀՅԴ-ն: Ըստ նրա՝ «փակ» ցուցակներին կողմ են այն կուսակցությունները, որոնց վարկանիշը բարձր է եւ հակառակը:

«Սրա շուրջ գնալու է հիմնական պայքարը: Շեմի իջեցնելու հետ կապված՝ արդեն եկել են ընդհանուր հայտարարի, որովհետեւ էստեղ կա մի քանի նյուանս, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «նա շիշ, նա քաբաբ», այսինքն՝ բոլորին ձեռք է տալիս, ոչ մեկը չի վառվում»:

Ցածր վարկանիշ ունեցող կուսակցություններին ձեռնտու է, որ անցողիկ շեմը փոքր լինի ու կարողանան հաղթահարել, իսկ այսօրվա իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին, որի վարկանիշը բավականին բարձր է, ձեռնտու է, որ ապագայում լինի մոզայիկ խորհրդարան:

«Որպեսզի չլինի մեկ ուժ, որը կարող է հետագայում, որոշ պայմաններից ելնելով, ուժեղանա եւ դառնա այն միակ ընդդիմադիրը, որոի համար տարիներ շարունակ պայքարում էին մեր տարբեր ընդդիմադիր կառույցներ, որովհետեւ յուրաքանչյուր իշխող ուժի հաճելի է, երբ ինքը կարողանում է կառավարել, այդ թվում՝ նաեւ այսօրվա իշխող ուժին»:

Իրավաբան-Սահմանադրագետ Արամ Օրբելյանը, սակայն, չի կարծում, որ խորհրդարան անցողիկ շեմի իջեցումը կարող է խորհրդարանը բերել խայտաբղետության.

«Կոալիցիան ավելի հեշտ ձեւավորվում է քիչ քանակի ուժերի միջեւ, քան շատ քանակի»:

ԸՕ-ի հետ կապված մնացած հարցերը, ըստ փորձագետի, ավելի շուտ տեխնիկական են լինելու եւ արդեն կամաց-կամաց լուծվում են: Քաղտեխնոլոգը կարծում է, որ Հանրապետականը ինչ-որ ռեսուրսներ կկարողանա պահպանել, բայց՝ ոչ շատ: Ըստ նրա՝ նոր ուժեր եւս խորհրդարանում կլինեն, սակայն, դա կախված է նրանից, թե ե՞րբ կլինեն ընտրությունները ու շատ բան էլ այս անգամ կախված կլինի նախընտրական քարոզչությունից: Նաեւ՝ առայժմ, նրա խոսքով, չի երեւում ներկայիս կառավարության տնտեսական տեսլականը, որը նույնպես կարեւոր դեր է ունենալու:

Արամ Օրբելյանի դիտարկմամբ էլ՝ տնտեսական բլոկում արագ ներդրումներ սպասելը իրատեսական չէ, քանի որ առայժմ ներդրողները հստակեցումների են սպասում:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական առումով հեղափոխություն տեղի  ունեցավ, սակայն դա հեղափոխություն համարել չի կարելի այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության ներսում՝ յուրաքանչյուրի ուղեղում հեղափոխություն տեղի չի ունեցել՝ մտածողություն չի փոխվել: Այդ մտածողությունն  էլ ձեւավովում է իշխանության ուղղորդմամբ: Դա է խնդիրը՝ եզրափակեց քաղտեխնոլոգը:

Back to top button