Խոշոր պարտքեր Արմավիրի մարզի համայնքներին
261 միլիոն 913 հազար դրամ պարտք միայն Արմավիրի մարզի համայնքային բյուջե մուտքագրվող գույքահարկի և հողի հարկի գծով: Պարտքատերերը ոչ թե մեկ կամ 2 չափաբաժին ունեցող գյուղացիներն են, այլ խոշոր հողեր ունեցողները: Տարիների կուտակած պարտքը համայնքապետերը որոշել են գանձել օրենքով սահմանված կարգով, դատական եղանակով:
Մինչև առաջին կիսմյակի ամփոփումը Արմավիրի մարզում փորձում են պարզել համայնքային բյուջեի կատարողականն ինչ մակարդակի վրա է և ինչ պարտքեր կան կուտակված: Այս հարցերը քննարկվել են նաև Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստում, որն առաջին անգամ վարել է նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Մի շարք համայնքներում բյուջեի կատարողականը գերազանցում է 100 տոկոսը, մի մասում՝ 50 տոկոսից ցածր է:
Մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանն առանձնացրել էր հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր պարտքեր ունեցող համայնքների ցանկը՝ ըստ պարտքատերերի թվի: Ընդհանուր պարտքը գրեթե 262 միլիոն դրամի է հասնում:
Պարտքացուցակը թվարկելի է և ճիշտ նման գյուղական խանութների այն պարտքատետրերին, որոնք մաշվել ու քրքրվել են թերթելուց ու նոր պարտքեր գրանցելուց: Հողի ու գույքահարկի պարտքերն էլ են հին: Նալբանդյան գյուղում 12 միլիոնը գերազանցող պարտքատերերը ընդամենը 2-ն են՝,,Խաղողապտղագինեգործության գիտահետազոտական կենտրոն,, ՊՈԱԿն ու մեկ սիրիացի հողատեր:
Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ գիտահետազոտական կենտրոնից վճարները փորձել են գանձել դատական կարգով, բայց ԴԱՀԿ-ն 2015 թվականից չի կատարում իր պարտավորությունը:
Նալբանդյան համայնքում մոտ 70 հա-ի հասնող տարածքը 1959թվականից եղել է որպես փորձադաշտ, որը տարիների ընթացքում իրավական տարբեր ձևակերպումներ է ստացել, իսկ 2004 թվականից գրանցվել, որպես ,,խաղողապտղագինեգործության գիտահետազոտական կենտրոն,, ՊՈԱԿ, որին անհատույց օգտագործման իրավունքով 111.43 հա հողատարածք տրվել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հողերից, 66.15 հա՝ էլ՝ Նալբանդյան գյուղի հողերից:
Գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը խաղողի և պտղի սելեկցիոն արժեքավոր սորտերի տնկանյութի աճեցումն է , ագրոտեխնիկական նորագույն տեխնոլոգիաների մշակումը, գինիների ու կոնյակների նոր տեսակների ստացումը և այլն: Պարտքերի գանձման հետ կապված Արմավիրի մարզպետը նշեց, որ գանձելու են օրենքի բոլոր կետերի պահանջներով, չի բացառվում նաև բարոյական հարթության վրա՝ անձնական զրույցների միջոցով:
Նալբանդյան համայնքում հողի մյուս խոշոր սեփականատերը Սիրիայից է: Նա ունի շուրջ 20 հա հող և մոտ 1 մլն դրամի պարտք: Հողերի սեփականատերը Հայաստանում չէ, հողերն էլ անմշակ են:
Համայնքների ղեկավարները պարտքերը գանձելու են օրենքի սահմաններում: