Ավանդական գնաճ` տոնին ընդառաջ
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեր երկրում մարտի 8-ը պաշտոնապես նշվում է, որպես Կանանց միջազգային օր: Սակայն, ըստ ավանդույթի, այս օրը բոլոր հիմքերը ունի կոչվելու Ծաղկավաճառի օր, քանի որ ծաղկի գները զգալիորեն աճում են և արդյունքում շոշափելի տոնական տրամադրություն պարգևում հենց ծաղկավաճառներին: Համապատասխան ուսումնասիրություններ անց է կացվել «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության կողմից, հայտնեց կառույցի ղեկավար Լուսինե Յագուբյանը:
Չնայած տեղական ծաղկաբուծության աճին, գները տոնական օրերին շատ հաճախ չեն զիջում ներկրված ծաղիկներին: Արդյունքում ծաղկավաճառները ստանում են գերշահույթ:
Ըստ կազմակերպության տվյալների, ծաղկի շուկայում տոնական օրերին տիրում է գնային անօրինակունություն:
«Այս օրերին վարդի գները բարձրացել են մոտ 500-1000 դրամով, և այսօր սովորական վարդը վաճառվում է 1000-1500 դրամ՝ նախկին 500-700 դրամի փոխարեն, հոլանդական վարդը՝ 2500 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն: Թանկացել են նաև կակաչները՝ 200 դրամից դառնալով 300-350 դրամ»:
Նման գնաճային երևույթները դնում են սպառողներիս անպաշտպան վիճակում, քանի որ ծաղկի շուկան մեզանում կրում է անկառավարելի, ինչու ոչ, ստվերային բնույթ: Ներկա դրությամբ, ըստ կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի, ծաղկի շուկան գործում է ինքնակարգավորման ռեժիմով:
Մենաշնորհի բացակայության և մրցակցության առկայության պարագայում այստեղ այնուամենայնիվ մեզանում գները միայն աճի հակում են ցուցաբերում: Սուրբ Հարության տոնին ընդառաջ, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին, արդեն իսկ նկատելի է զատակային, այսպես ասենք, ճաշացանկի բաղադրիչների թանկացում: Ասում են, գնաճը այստեղ իր գագաթնակետին ևս կհասնի տոնի նախօրեին: