Կփոփոխվի ստոմատոլոգների համար սահմանված հարկային դրույքաչափը


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Ատամնաբույժների, ատամնատեխնիկների համար այս տարեսկզբից սահմանված արտոնագրային վճարների բարձրացումից առաջացած բուռն աղմուկն ու քննարկումները հասան խորհրդարան: Այսօր արդեն ԱԺ-ում քննարկվում է այդ մասնագիտության տեր մարդկանց համար սահմանված նոր հարկային դրույքաչափի վերանայման հարցը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած արտոնագրային նոր վճարների մասին օրենքի համահեղինակներից է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նոր փոփոխությունները, այսպես ասած, ավելի նրբանկատորեն են արվելու:
Մասնավորապես՝ ստոմատոլոգիական կենտրոններում բոլոր աշխատողների համար չէ, որ պետք է վճարվի արդեն սահմանված 80 հազար դրամը: Երեք հաստիքի՝ մասնավորապես, հավաքարարների ու հաշվապահների համար նման հարկման մեխանիզմ չի կիրառվի։
Վարդան Այվազյանը շեշտեց, թե խորհրդարանը ներկայացնող ՀՅԴ-ն, ԲՀԿ- ն ու «Ժառանգությունը» գեղեցիկ ձեւակերպումներ են տալիս հարկերը չբարձրացնելու կամ նվազեցնելու իրենց մոտեցումներին, սակայն նրա համար անհասկանալի է` ինչպես պետք է ի կատար ածվի նրանց ասածը:
Օրինակ` առաջարկվում է մանկական ստոմատոլոգիական կլինիկաների համար կրճատել հարկերը: Սակայն ինչպես պետք է վերահսկվի, որ բազմաթիվ կլինիկաներ այդպես էլ ոչ մի մեծահասակի չսպասարկեն:
Այվազյանը կողմ է նաեւ ուսանողների համար ատամնաբուժական ծատայությունների համար արտոնություններ սահմանելուն, սակայն նպատակահարմար է համարում այդ արտոնությունը ոչ թե կլինիկային տալ, այլ հենց ուսանողին ուղղել։
«Երևան քաղաքում օրական ստոմատոլոգները հարկ են վճարելու 2 700 դրամ, շա՞տ է, թե քի՞չ»,- հարց բարձրացրեց Այվազյանը` նշելով, որ վերջին քննարկումներն այս դրույքաչափի վրա են կանգ առել:
Վարդան Այվազյանը միաժամանակ հակադարձեց օրենքի բոլոր ընդդիմախոսներին` հարցնելով, թե ուր էիք 3 ամիս շարունակ, երբ օրենքի նախագիծը քննարկվում էր, եւ ինչու ոչ մի անգամ ձեր մասնակցությունը չբերեցիք այդ քննարկումներին:
«Ժառագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն, ով բանավեճի պասիվ մասնակիցն էր, նկատեց, թե «Արտոնագրային վճարների մասին» օրենքից հետո ստոմատոլոգիական կլինիկաներ են փակվել: Ըստ նրա` օրենքի շուրջ նոր քննարկումները պետք է տանել այդ մարդկանց խնդիրները հաշվի առնելով։