Աշխարհն սկսել է ավելի շատ բան իմանալ թե Ղարաբաղի, թե հակամարտության մասին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Բուլղարացի լրագրող, վավերագրող ռեժիսոր, սցենարիստ Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը բաղկացած է 7 վավերագրական ֆիլմից, ներկայացնում է այն իրականությունը, որը կատարվել է Ղարաբաղում՝ այսպիսով հակադարձելով ադրբեջանական ապատեղեկատվությանը։ 6 տարբեր լեզուներով թարգմանված ֆիլմաշարը ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում:
Սկսելով հայրենիքից` Բուլղարիայից, հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան ֆիլմաշարը ներկայացրել է նաև Փարիզում, Պրահայում, Բեյրութում:
Շրջագայության ընթացքում, սակայն, Պասկալևան չկարողանալով խուսափել ադրբեջանցիների հակահայկական քարոզչությունից, ստիպված է եղել ֆիլմերի ներկայացմանը զուգահեռ պայքարել նաև նրանց ռեպլիկների դեմ, որոնց հանդիպել է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Չեխիայում։
«Ուզում եմ հավատալ, որ դրանք ուսանողներ էին: Բայց նրանք առաջին իսկ պահից, երբ ցուցադրվեցին սումգայիթյան կոտորածների կադրեր, սկսեցին կտրուկ արձագանքել ու ռեպլիկներ արձակել։ Ու ակնհայտ երևում էր, որ եթե հանկարծ հայկական կողմից ներկաները արձագանքեին այդ արտահայտություններին, ադրբեջանցի երիտասարդները պատրաստ էին ընդհատել միջոցառումը: Նրանք շատ երկար ժամանակ փորձում էին հարցերով և ռեպլիկներով փչացնել իմ ելույթը, որին պատասխանում էի շատ հանգիստ տոնով, շատ քաղաքակիրթ, ժպիտը դեմքիս»:
Ամեն դեպքում՝ որքան էլ ադրբեջանցիները չցանականան ընդունել իրականություն, միևնույն է` ֆիլմերը անտարբեր չեն թողել ոչ ոքի։ Շատերի մոտ անգամ արցունքներ էին նկատվում, ասաց Ցվետանա Պասկալևան:
Ի վերջո՝ ոչ բոլորն են ծանոթ Ղարաբաղի մասին ճշմարտությանը, բայց աշխարհն սկսել է ավելի շատ բան իմանալ թե Ղարաբաղի, թե ղարաբաղյան հակամարտության մասին, նկատեց նա:
«Ես համոզված եմ, որ աշխարհը սկսել է ավելի շատ բան իմանալ Սումգայիթի մասին: Միևնույն ժամանակ՝ այն պատգամավորները, ովքեր դիտում էին այդ կադրերը, շոկ էին ապրում, քանի որ չէին պատկերացնում, որ պատերազմն այդքան սարսափելի ու դաժան է եղել: Ես կոչ արեցի օգնել, որ բոլոր երկրներում հանգամանալից տեղեկանան, թե ինչ է իրականում կատարվել Ղարաբաղում»։
Ցվետանա Պասկալևան կոչ է արել ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծմամբ զբաղվող երկրներին չձգձգել և արագորեն լուծում տալ խնդրին, քանի որ ֆիլմերում ցուցադրվող այսօրվա ծաղկող ու զարգացող Ղարաբաղը, ղարաբաղցու արդեն ժպտացող աչքերը ապացուցում են, որ նա իրավունք ունի մնալ իր հողում ու ապրել ազատ:
Նշենք, որ Ցվետանա Պասկալևան մտադիր է շարունակել իր շրջագայությունը և ֆիլմաշարի ցուցադրումը: