Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ընդդիմությունը փոքր ինչ կամակորություն է դրսևորում, բայց հուսանք, որ վերջում ամեն ինչ կավարտվի փոխադարձ ձեռքսեղմումներով». ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահ Տաճատ Վարդապետյանի համոզմամբ, միայն ձեռք սեղմումի ու փոխզիջուների մթնոլորտում է հնարավոր ապահովել մեր երկրի առաջընթացը: Լրագրողների հետ հանդիպման սկզբում «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահն անդրադարձել է նախ դասադուլի առիթով ԵՊՀ-ում օրերս տեղի ունեցած միաջադեպին, որի ժամանակ հնչել էին համալսարանի ռեկտորի օգնականի այս օրերին արդեն թևավոր դարձած` «զորքն ու ջավախքցիներին առաջ բերեք» խոսքերը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահ Տաճատ Վարդապետյանն անձամբ հանդիպել է համալսարանի ռեկտորի օգնականի հետ, որն, ինչպես ասում է, մեղանչել է և ասել, որ ջավախցիներին տարանջատելու ցանկություն չի ունեցել: Հետընտրական զարգացումներն, ըստ պատգամավորի, ընդհանրապես պետք է հանդարտեցման գնան: Նրա դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ հենց դա էլ տեղի է ունենում` հաշվի առնելով հանրահավաքից հանրահավաք նվազող մարդկանց թիվը:
«Իշխանությունից շատ ով է ասում, որ երկրում խնդիրներ կան»,-ասում է պատգամավորը: Ընդդիմադիր թեկածուի հավաքած 37 տոկոսն էլ, ըստ նրա,խոսում է բացթողումների մասին, որոնք առկա են մեր կյանքի տարբեր ոլորտներում , մասնավորապես սոցիալ-տնտեսական: Պատգամավորը համաձայն չէ այն տեսակետին, որ կարող ուժերը Հայաստանից հեռանում են մենաշնորհային անառողջ բիզնես միջավայրի պատճառով: «Մենաշնորհների խնդիր ես չեմ տեսնում, բայց եթե կա նման խնդիր, ուրեմն այն պետք է լուծել»,-ասում է:
«Մենք սակավ ռեսուրսներով պետություն ենք, իսկ հեղափոխական գործընթացները երկիրը հետ են մղում բնական զարգացումներից: Ընդդիմությունը փոքր ինչ կամակորություն է դրսևորում, բայց հուսանք, որ ամեն ինչ կավարտվի փոխադարձ ձեռքսեղմումներով»,-ասում է Տաճատ Վարդապետյանը`հանդիպման ավարտին հակիրճ անդրադառնալով նաև հայ-վրացական հարաբերություններին, որոնք նրա բնորոշմամաբ, մեծ նրբություն և քաղաքական հեռատեսություն պահանջող հարաբերություններ են: Միաժամանակ արձանագրենք, որ Վրաստնի վարչապետ Իվանիշվիլիի հայաստանյան այցից հետո հայ պատգամավորի կանխատեսումները հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ շատ ավելի լավատեսական են դարձել: