Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Հետընտրական գործընթացներին են այսօր անդրադարձել «Հայելի» մամուլի ակումբի այսօրվա հյուրերը: Այսօրվա բանավեճերում, այնուամենայնիվ, արձանագրվել է մեկ ընդհանրություն` ինչպես իշխող կուսակցության ներկայացուցիչներ Հովհաննես Սահակյանն ու Արտակ Դավթյանը, այնպես էլ ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատել են, որ մեր երկրում մշտապես հետընտրական զարգացումներ են տեղի ունեցել: Նրանց դիտարկմամբ, սակայն, ի տարբերություն նախորդների` այս անգամ հետընտրական զարգացումներն ունեն որոշակի հստակ առանձնահատկություններ: Ստեփան Սաֆարյանի ձեւակերպմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունք է` չանել այն, ինչը նախկինում սխալ է արվել, անել այն, ինչը նախկինում չի արվել:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ միշտ էլ հետընտրական բողոքներ են տեղի ունենում: Ըստ իրավապաշտպանի` դա խոսում է միայն մեկ բանի մասին` իշխանությունը չի կարողանում ապահովել այնպիսի թափանցիկություն, որը հողը կտանի բողոքողների տակից.Իրավապաշտպանի հետ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը մասամբ է համամիտ` միշտ էլ եղել են եւ լինելու են բողոքողներ ու դժգոհողներ: Նա կարծում է, սակայն, որ այս ընտրություններն անցկացվել են այն չափով ժողովրդավարական պայմաններում, որի դեպքում պետք է պարտվող կողմը արժանապատվորեն ընդունի իր պարտությունն ու շնորհավորի հաղթողին: Մի բան, ինչը տեսնում ենք տարբեր երկրներում` անգամ շատ չնչին ձայների տարբերությունների դեպքում:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Արտակ Դավթյանը կարծում է, որ այս ընտրական գործընթացներում արձանագրված դրական միտումներն իրենց շարունակությունը կունենան նաև հետընտրական զարգացումներում: Ըստ նրա` այս ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք ընդգրկեցին ամբողջ հանրապետությունը` մարզային այցերով:« Ի տարբերություն նախկինի՝ ընդդիմությունն այս անգամ ընդգրկել է ողջ հանրապետության տարածքը, շարժման մեջ են ներգրավվել շատ քաղաքական ուժեր»:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրականացվող քայլերն ամբողջությամբ Սահմանադրության, օրենքների դաշտում են` հավելեց հանրապետական պատգամավորը: Այս առումով նույնպես, նա կարծում է, քաղաքական դաշտում նոր խոսք է ասվում: Ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի ձեւակերպմամբ` այս ընտրություններում իշխանությունը միայն մի հարցում էր ճիշտ, որ պայքարը երկրորդ տեղի համար է: Սակայն, Ժառանգության ներկայացուցչի համոզմամբ, կա մի տարբերություն` իրենց թեկնածուն է առաջին տեղում. «Մեր կարծիքով` իշխանության թեկնածուն է զբաղեցրել երկրորդ տեղը: Մեր գնահատմամբ` նաեւ ԵԱՀԿ-ի միջանկյալ զեկույցում ակնարկներ կան, որ նախագահական ընտրություններում, ըստ էության, առաջին տեղը գրավել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` նորմալ է, երբ դիտորդական առաքելությունները նախնական զեկույցներով ընտրությունները ճանաչում են լավ, իսկ վերջնական զեկույցներում տրված գնահատականները հընթացս փոփոխվում են:
Արտակ Դավթյանի համոզմամբ, սակայն, միջազգային կառույցներն ունեն այնքան հեղինակություն, որ հետևողական կլինեն իրենց կողմից արտահայտված դիրքորոշումներում:
«Ես առաջարկում եմ հանել «հաղթող» և «պարտվող» բառերը և օգտագործել «ընտրվող» և «չընտրվող» տերմինները: Մնացած գնահատականները, որ երկու կողմից էլ տրվում են, Արտակ Դավթյանի խոսքով, քաղաքական գնահատականներ են: Նրա ձեւակերպմամբ` ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, բայց ունենք նաև դժգոհություններ, որոնք, հանրապետական պատգամավորի հավաստմամբ, իրենք հաշվի են առնում, ուստի եւ` ուշի-ուշով հետեւելու են ՍԴ-ում ընթանալիք գործընթացներին: