Ռուբեն Ջաղինյանը նշանակվեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուբեն Ջաղինյանին նշանակել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ վեց տարի ժամկետով՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ մինչ հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներին՝ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին և Աստղիկ Շամսի Ավետիսյանին:
Ռուբեն Ջաղինյանը ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երևանում, 1994թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը,
2005-2009թթ.- «Երևան» ամսագրի նախագծի ղեկավար,
2005թ.-ից` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս,
2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,
2006 — 2011թթ.- Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավար,
Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի և հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակ և պրոդյուսեր.
- USAID, UNICEF, UNESCO, «Save the children» և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական նախագծերի,
- Ռուսաստանի Դաշնության մի շարք հեռուստաընկերությունների (ОРТ, РТР, СТС ) հետ համատեղ նախագծերի,
- միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական նախագծերի /(«Երևան- տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ- 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)/,
- փաստավավերագրական ֆիլմերի /«Քանի դեռ կամ» (2000), «Հրաշագործի աշունը» (2008), «Մի լուսանկարի պատմություն» (2009), «Արվեստակիրներ» — 24 վավերագրական կինոնկարներից բաղկացած ֆիլմաշար հայ ազգային մշակույթում նշանակալի ներդրում ունեցող անհատների մասին (2009-2012) և այլն/
- լայնածավալ միջոցառումների / «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007), «Էրեբունի-Երևան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009, 2010, 2012) և այլն/
- թատերական բեմադրությունների / բալետ «Սպարտակ» (2009)- բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի (ՌԴ), օպերա «Աիդա» (2010) — բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա) /
1991-1994թթ.` ՈւՀԱ (1992-ին և 1994-ին բարձրագույն լիգայի չեմպիոն` Երևանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում):
2007թ. նա արժանացել է «Գարեգին Նժդեհ» մեդալի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար:
2008թ.՝ Մովսես Խորենացու մեդալի` հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:
2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության (Armenian Jazz 70) կազմակերպման համար:
2009 թ.՝ ՀՀ նախագահի մրցանակի՝ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: