Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը ցավում է երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցավում է օրերս Փարիզում` Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման համար ու դատապարտում է այն: Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել երեքշաբթի` ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների եւ ֆրանսիական խորհրդարանի մի քանի պատգամավորների կողմից կազմակերպված «Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ապագայի հեռանկարները» խորագրով միջոցառման ժամանակ: Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ, դահլիճում ներկա երկու ադրբեջանցիներ սադրանքի էին դիմել. նրանք նախ ոտքի չեն կանգնել, երբ լռության րոպե է հայտարարվել Սումգայիթի իրադարձությունների զոհերի հիշատակին, ապա հայտարարել, թե ոտքի կկանգնեն, իրենց խոսքով, «Խոջալուի զոհերի համար»: Դրան հետեւել է ծեծկռտուքը. ի վերջո, ադրբեջանցիները դուրս են բերվել խորհրդարանի շենքից: Հայկական կողմի վկայությամբ, ադրբեջանցիներն իրենք են հրահրել ծեծկռտուքը՝ առաջինը հարվածներ հասցնելով միջոցառման կազմակերպիչներին:

Back to top button