Հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանը. ռուս փորձագետի եզրահանգումն է

Եթե Ադրբեջանը որոշի խփել հայկական օդանավերը, կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ,-«Vesti.Az»-ին տված հարցազրույցում ասել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը: «Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավ խփի, դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության անհապաղ սրման, որտեղ Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չօգնի Հայաստանին, բայց հաստատ չի աջակցի ադրբեջանական կողմին: Չի բացառվում անգամ, որ Ռուսաստանը մարտական գործողություններ իրականացնի Ադրբեջանի հյուսիսում, օրինակ, հիմնավորելով դա Դաղստան ադրբեջանցի ահաբեկիչների ներթափանցումով»,-նշել է Սուխովը:
Նա նաեւ պատասխանել է հարցին, թե կարող է արդյոք Արեւմուտքը երաշխավորել Ադրբեջանին՝ իր հողերի վերադարձը, եթե վերջինս որոշի աջակցել Արեւմուտքին՝ Իրանի դեմ պատերազմում: «Իրանի դեմ պատերազմը հարցական է, սակայն ակնհայտ է, որ եթե նման պատերազմ սկսվի, այն աղետալի կերպով կապակայունացնի Հարավային Կովկասում իրավիճակը: Արեւմուտքը հազիվ թե ունակ լինի երաշխավորել Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերադարձը, քանի որ իր շահերն ունի Հայաստանում: Տեսականորեն տարածքների վերադարձման երաշխավոր կարող էր լինել Թուրքիան, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը և ոչ էլ ԱՄՆ-ը չէին ցանկանա առանց այդ էլ ուժեղացող Թուրքիայի՝ չափից շատ աճը»,-նշել է Իվան Սուխովը: