Քաղաքական

Էպոսագետը ավելի շուտ կմիանա ՀԱԿ- ին, քան՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքն առավել հարմար կգտնի միանալ ՀԱԿ-ին, քան` Րաֆֆի Հովհաննիսյանին` բացատրելով, որ իր համար անհասկանալի են Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը:
«Եթե նա գտնում է, որ պետք է այդպես շարունակի՝ իր գործն է: Նա պետք է հստակ խոսի և գործի, ոչ թե շարժվի «բերմուդյան եռանկյունիով»՝ Ազատության հրապարակ, նախագահական և ԱՄՆ դեսպանատուն: Այդպես չի կարելի», — նշել է նախագահի արդեն նախկին թեկնածուն։
Բանախոսը տեղեկացրել է, որ մարտի 1-ին կմիանա Մյասնիկյանի արձանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին: Այդ մտադրությունը, սակայն, նրա պարզաբանմամբ, քաղաքականության հետ որևէ կապ չունի, և ինքը գնում է հարգելու մարտիմեկյան զոհերի հիշատակն ամեն տարի:
Միաժամանակ՝ Սեդրակյանը շեշտել է, որ ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի նախագահությունը չի ճանաչում ու ընդդիմադիր մյուս գործիչներին կոչ է արել համատեղ կոմիտե ստեղծել:
Վարդան Սեդրակյանը նաեւ իր կոչն է ուղղել խորհրդարանական ընդդիմությանը` վայր դնել իրենց մանդատները։

Back to top button