ԿարևորՔաղաքական

ԱԺ. դահլիճում բացակայությունների, միջանցքում՝ արտահերթի հարցն էր

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Քննարկված օրինագծերից մեկը  հանրապետական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննսիյանի նախաձեռնությունն է, որը փոփոխություններ է նախատեսում ԱԺ կանոնակարգ օրենքում և առնչվում է խորհրդարանի համար ցավոտ՝ պատգամավորների բացակայության խնդրին:
Օրինագծի հեղինակներն  առաջարկում են բացակայությունները հարգելի ճանաչելու նոր մեխանիզմ ներմուծել, մասնավորապես՝ առաջարկում են  մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը վերապահել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովին:
Նիստերի դահլիճից դուրս  քննարկումները օրենսդարական փոփոխություններին չեն առնչվել: Այստեղ քննարկման հիմնական թեման եղել է հետընտրական իրավիճակն ու հարցը, թե ինչ ձևաչափով խորհրդարանը կարող է արձագանքել ընտրություններից հետո ստեղծված վիճակին:

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ, հիշեցնեմ,  հետընտրական իրավիճակին անդրադառնալու 2 առաջարկ էր ներկայացրել: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր խորհրդարան հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, իսկ «Ժառանգությունն » ու ՀՅԴ-ն խորհրդարանական մեծամասնությանն առաջարկել էին  հետընտրական զարգացումների  շուրջ  արտահերթ նիստ հրավիրել: Երկու առաջարկներն էլ խորհրդարանում շարունակում են  քննարկել:

Այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանի հարցին անդրադառնալով ՝ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ ԱԺ  քարտուղարությունը փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ:  Հիշեցնեմ, քառրօյա նիստերի օրակարում ընդգրկված հարցերից մեկը ԿԸՀ հաղորդումն է, որը սակայն, վերաբերում է խորհրդարանական ընտրություններին: Փաշինյանն առաջարկում էր օգտագործել առիթն ու քննարկել նախագահական ընտրությունների հարցը:

Մյուսը՝ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկն էր: Հարցը երեկ քննարկվել էր  Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ  ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: «Ժառանգության» ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ հարցի շուրջ այսօր էլ են քննարկում ունեցել:

«Կարծում եմ՝ երկուստեք կա ցանկություն արտահերթ նիստ հրավիրելու: Բնականաբար՝ ցանկանում ենք, որ մեր ներկայացրած փաստաթուղթը լինի կոնսեսուային կամ գոնե ընդունվի նաև մեծամասնության կողմից: Մենք աշխատում ենք այդ փաստաթղթի վրա, իսկ օրակարգային հարցը մեկն է՝  հետընտրական զարգացումները Հայաստանում: ԱԺ-ն իր իրավասությունների սահմաններում կարող է հայտարարություն ընդունել»:

ՀՀԿ ներկայացուցիչները  թե ամբիոնից , թե առանձին հարցազրույցներում ասել են, որ ընտրությունների արդյունքները քննարկման առարկա չեն: Ոչ միայն այն պատճառով, որ սա խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն  է, այլ նաև այն հիմնավորմամբ, որ ԱԺ-ն չունի նման իրավասություն:
Այդ դեպքու՝մ ի՞նչ ակնկալիք ունի «Ժառանգությունը» հրավիրվելիք արտահերթից ու ընդունվելիք հայտարարությունից:

«Չգիտեմ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ինչ են ասել, բայց մեր կողմից մշակվող փաստաթուղթը ԱԺ-ի իրավասությունների շրջանակում է լինելու»:

Փաստաթղթի վրա աշխատում են  նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ նախաձեռնության նպատակը հետընտրական  զարգացումները չշրջանցելն  ու  հանգուցալուծումներ գտնելու հարցում  խորհրդարանին մասնակից դարձնելն է:
ՀՀԿ- ն հարցը քննարկելու ցանկություն ունի, բայց վերջնական դիրքորոշում դեռ չի հայտնում, քանի որ սպասում է արտահերթ հրավիրելու նախաձենության գրավոր հիմնավորումներին. սա արդեն ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի  հիմնավորումն է:

«Քննարկումներ միշտ կարող են ծավալվել, բայց բացառվում է որևէ քայլ, որը ԱԺ լիազորությունների մեջ չի մտնում: Արդյունքների վերանայման մասին խոսելը ոչ թե ծիծաղելի, այլ՝ զարհուրելի է»:

ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե Հայաստանում հետընտրական ճգնաժամ կա և կարծում է, որ իրավիճակի բոլոր հանգուցալուծումները  սահմանադրական են լինելու։
Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ ի դեպ՝  ոչ ՀՀԿ խորհրդում, ոչ գործադիր մարմնում չի քննարկվել զբաղեցրած պաշտոններից մարզպետերի եւ նախարարների աշխատանքից հեռացնելու հարցը: Նախագահի երդման արարողությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, հիշեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Back to top button