ԿարևորՄշակույթ

Թուրք հրատարակիչը մի գրքով կտպագրի ադրբեջանցի եւ հայ գրողների գործերը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Թուրք հայտնի մտավորական, «Բեգլե» հրատարակչության տնօրեն Ռագըպ Զարաքոլուի նախաձեռնությամբ առաջիակայում լույս կտեսնի Ադրբեջանում այս պահին հալածանքների ենթարկվող  75-ամյա գրող Էքրիմ Էյլիսլուի «Քարե երազանքներ» և նրա հայ գործընկերոջ`Լևոն Ջավախյանի «Արծաթագիր»  պատմվածքների համատեղ հրատարակությունը, ինչի մասին այսօր տեղեկացրել է հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:
Նրա և Լևոն Ջավախյանի համատեղ ասուլիսում այսօր անդրադարձ է կատարվել ադրբեջանցի գրողի պաշտպանությանն ուղղված Թուրքիայում ծավալված միջոցառումներին:

Այն օրերեին , երբ Ադրբեջանում սկսվեցին հալածանքները գրող Էքրիմ Էյլիսլուի նկատմամբ, Երևանում էր թուրք հայտնի մտավորական Ռագըպ Զարաքոլուն: Սարգիս Հացպանյանն ասում է, որ հենց այդ օրերին էլ իր թուրք ընկերոջը պատմել էր  Լևոն Ջավախյանի «Քիրվա» վեպի մասին, որի համար Ադրբեջանի խաղաղության ու հադուրժողականության կենտրոնի կողմից հայ գրողն արժանացել էր մրցանակի:
Հացպանյանի խոսքով՝ «Քիրվայի» ու Այլիսլուի «Քարե երազանքներ»  պատմվածքների միջև ընդհանրություն կա, քանի որ երկուսի առանցքում էլ մարդասիրությունն է:
Էքրիմ Էյլիսլուի և նրա ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների ու հալածանքների մասին լսելուց հետո Լևոն Ջավախյանը որոշել է կոչով դիմել թուրք մտավորականներին։ Կոչում, մասնավորապես, շեշտել է, քանի որ հայերի կոմից ցանկացած աջակցություն կարող է ավելի վնասել ադրբեջանցի գրողին, առաջարկում է, որպեսզի վերջինի պաշտպանության գործը ստանձնեն թուրք մտավորականները։
Հայ գրողի այս  կոչին Ռագըպ Զարաքոլուն պատասխանել է բաց նամակով, որում նշված է , որ  կոչ է հղվել միջազգային ՊԵՆ կենտրոնին`«Տեր կանգնենք խիղճը չկորցրած ադրբեջանցիներին» վերնագրով:
Թուրքիայում բնակվող ադրբեջանցի մտավորականները ևս բողոքի ձայնն են բարձացրել ի  պաշտպանություն իրենց հայրենակցի։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի գրող 75-ամյա Էքրիմ Էյլիսլուն իր երկրում հալածանքբերի է ենթարկվում «Քարե երազանքներ» վեպի համար, որը լույս է տեսել ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում: Վեպը նույնիսկ ադրբեջաներեն չի հրատարակվել: Լուրը տեղական մամուլում տարածվելուց հետո գազազած ամբոխը հավաքվել է գրողի տան առջև ու այրել նրա գրքերն ու ճակատին խաչ պատկերված նկարները` վանկարկելով «Ամաչիր դավաճան» խոսքերը: 

Խնդրո առարկա նորավեպի թեման երկու ադրբեջանցի տղամարդկանց պատմությունն է, ովքեր փորձում են բռնարարքներից պաշտպանել իրենց հայ հարեւաններին: Բարեխիղճ ինքնաքննադատության սահմաններում գրողն  անդրադառնում է նաեւ Սումգայիթում եւ Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին, որոնք, ըստ նրա,  դարձան հայ-ադրբեջանական թշնամանքի սկիզբը։

Back to top button