Խոսրով Հարությունյանին չեն հետաքրքրում 50 հազար անվավեր քվեաթերթիկները
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, հիշեցնելով անկախ Հայաստանի 1996 և 2008 թվականների նախագահական ընտրությունները, հուշեց ուշադրություն դարձնել թե ինչ ավարտ ունեցան դրանք:
«Հույս ունեմ, որ սրանք էմոցիաներ են և Րաֆֆի Հովհաննիսյանն այնուամենայնիվ տուրք կտա քաղաքական ողջամտությանը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհանիսյանն իր քաղաքական կենսագրության կարևորագույն քննություն է հանձնում։ Թե ինչպես այն կահնձանի, պարզ կդառնա բանակցություններից հետո, ասաց Խոսրով Հարությունյանը, իսկ առայժմ նա վստահում է Սերժ Սարգսյանի մարդկային որակին. նա թույլ չի տա, որպեսզի հանրությունը փակուղում հայտնվի։
Եթե կան դժգոհություններ ընտրախախտումներից, ապա հարցի լուծումը, Քրիսդտոնեա- դեմոկրատական կուսակցության նախագահի համոզմամբ, իրավական ճանապարհն է: Շատերը հումոր են դարձրել փաստը, որ ձայների քանակով երրորդ տեղը զբաղեցրել են անվավեր քվեաթերթիկները: Եվ կարծիք կա, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած ձայներն են, որ միտումնավոր անվավեր են դարձվել:
Խոսրով Հարությունյանն ասաց, թե լուրջ չի վերաբերվում այս կարծիքին, նա նաև դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչու է այնպես ստացվել, որ այս ընտրություններում առաջին անգան անվավեր քվեաթերթիկների թիվը հասել է մոտավորապես 50 հազարի:
«Անկեղծ ասած ինձ չի էլ հետաքրքրել ,թե ինչու է այդքան շատ անվավեր»,- ասաց քաղաքական գործիչը։