Քաղաքական

Թուրք լրագրողներն այցելել են խորհրդարան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 16-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ողջունելով թուրք լրագրողների այցը Հայաստանի խորհրդարան՝ Հերմինե Նաղդալյանը մեծապես կարեւորել է նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ շփումներ ապահովելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ցանկացած՝ անգամ ամենաբարդ խնդիրների մասին կարելի է եւ պետք է խոսել: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ Բուրսու Բեսերմենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա լրագրողական փոխայցելություններն իսկապես մեծ հնարավորություն են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց ունենալու տեսանկյունից:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ Թուրքիայից քայլերին ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլեւ, իր խորին համոզմամբ, նաեւ հենց թուրք ժողովուրդը: Նա նաեւ տեղեկացրել է թուրք լրագրողներին, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում, չնայած որ բազմաթիվ անգամներ դրանք հանելու առաջարկ է հնչել: Հերմինե Նաղդալյանը շեշտել է՝ Թուրքիան Եվրոպայի միակ երկիրն է, որ փակ սահմաններ է պահում մեկ այլ երկրի հետ, եւ միաժամանակ հույս հայտնեց, որ թուրք հասարակության նոր սերունդը խնդրին ի վերջո այլ կերպ կնայի:

«Թըդեյս Զաման»-ի թղթակից Մուստաֆա Էդիբ Յիլմազը նշել է, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թ. դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ: Նա նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանում իշխանության քայլերը միանշանակ են ընդունվում հասարակության կողմից: Ի պատասխան, Հերմինե Նաղդալյանը նշել է, որ, իհարկե, կան այլ կարծիքներ եւս, բայց ՀՀ ղեկավարությունը կարողացել է անցնել վստահության այն ճանապարհը, որ իր որոշումներն ու քայլերն ընկալելի եւ ընդունելի լինեն սեփական ժողովրդի համար: ԱԺ փոխնախագահը նաեւ համոզմունք է հայտնել, որ երջանիկ է այն առաջնորդը, որ գործում է իր հասարակության անունից, անում է քայլեր, որոնք թելադրում են իր ժողովրդի միտքը:

Թուրք լրագրողները հետաքրքրվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից դուրս հարցերով, օրինակ՝ թե ինչպիսին են պայմանները կանանց համար հայ քաղաքական դաշտում: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ իր օրինակը երեւի թե այդ հարցի լավագույն պատասխանն է. հայ կինը մեծ ներուժ եւ հնարավորություններ ունի կայանալու թե քաղաքական կարիերայում, թե ընտանիքում:

Լրագրողներին ընդունել է նաեւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=5724&year=2013&month=02&day=16

Back to top button