Մեծամորի հիվանդանոցի խնդիրները (լուսանկարներ)


Մեծամորի հիվանդանոցում հոսանքազրկման վտանգն անցել է: Էլեկտրաէներգիայի գոյացած կրկնակի պարտքերը էլեկտրոնային հաշվիչների մեխանիկական անսարքության հետևանք է: Այն ուղարկվել է փորձաքննության, փորձագիտական եզրակացությունից հետո երկկողմ համաձայնություն ձեռք կբերեն պարտքի մարման ուղղությամբ: Էլեկտրաէներգիայի կուտակված պարտքը գերազանցում է 21 միլիոն դրամը:
Մեծամորի հիվանդանոցում դեռ անցած տարի են նկատել, որ էլեկտրոնային գիշեր-ցերեկ հաշվիչի ցուցմունքներում կտրուկ փոփոխություններ են լինում: Հաշվիչը 8 տարի փորձաքննության չի ենթարկվել: Անցած տարի մասնագետ են հրավիրել, հաշվիչը փոխելու պատրվակով, սակայն նույնն են թողել: Մեծամորի հիվանդանոցը ջեռուցվում է հիմնականում հոսանքով, բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Վանյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի պատքերն ավելացել են ձմռանը. «Շենքը լինելով 80-ական թվականների շինություն, պատուհաններն ու դռները ոչ հերմետիկ են: Էլեկտրաէներգիայի ծախսը շեշտակի ավելանում է ձմեռվա ամիսներին: Մյուս կողմից պետական պատվերի ծավալը 2014թ սկսած նվազել է և մենք հասցնում ենք ընդամենը վճարել աշխատավարձ, հարկային վճարներ, դեղորայք, ջեռուցման վարձ և էլեկտրաէներգիա»:
Հաշվիչի մեխանիկական անսարքությունն ավելի պարզորոշ դարձավ օրվա կտրվածքով թվերի կտրուկ փոփոխությամբ և այդ ժամանակ էլ հանվեց և ուղարկվեց փորձաքննության: Փորձագիտական եզրակացությունից հետո հնարավոր է հանվի պարտքի հավելավճարը և փոխադարձ համաձայնությամբ ըստ ժամանակացույցի մարվի էլեկտրաէներգիայի պարտքը:
81 մահճակալ ունեցող հիվանդանոցի պետական պատվերի քանակը 2014 թվականին նվազել է 18 մլն դրամով: Պետական բյուջեից հատկացվող միջոցները նվազել են, իսկ հիվանդների քանակը՝ ոչ: Մեծամորի հիվանդանոցում բացի տարածքի 20000 բնակչից բուժվում են մարզի տարբեր բնակավայրերի հիվանդները:
Հիվանդանոցը ծանրաբեռնված է աշխատում ավելի շատ աշնանից — գարնան ամիսներին: Ներկայում զբաղված էին մանկական և ինֆեկցիոն բաժինների մահճակալները: Ամռանը մեծանում է աղիքային ինֆեկցիաների վտանգը: 7-ամյա Էրիկը հիվանդացել է սուր դիզենտերիայով: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Վարդան Մանվելյանն ասաց, որ հիվանդի վիճակը աստիճանաբար բարելավվում է: Բժիշկ Մանվելյանին մարզում լավ են ճանաչում, 33 տարի անընդմեջ աշխատում է նույն հիվանդանոցում: Բաժանմունքում գույքը հնամաշ է, աչքի զարնողը՝ մաքրությունն էր: Հիվանդներն էլ են անհանգստացած հիվանդանոցի պայմանների բարելավմամբ. «Խնդրում եմ մի հովանավոր ճարեք, որ պայմանները լավացնեն, որ հիվանդն էլ լավ զգա, բուժաշխատողներն էլ, շատ գոհ եմ իրենց ընդունելությունից, բուժումից, հոգատարությունից»:
Ինֆեկցիոն բաժանմունքում բուժումն անվճար է և տարեկան ունենում են մինչև 500 հիվանդ, սակայն պայմաններն են անհամապատասխան: Ամբողջ հիվանդանոցը հիմնանորոգման կարիք ունի, սանհանգույցներում ավելի անմխիթար վիճակ է: Գլխավոր բժիշկը նշեց միայն շենքային պայմանների առավելությունները՝ սեյսմակայուն է, հրդահաանվտանգ, տանիքը փոխված է:
Հիվանդանոցի ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում լավագույն ձևով պահպանվել և անհրաժեշտության դեպքում կիրառում են խորհրդային ժամանակներից ստացված սարքավորումները:
Մեծամորի բժշկական կենտրոնում վերանորոգմամբ ու նորագույն սարքավորումներով աչքի է ընկնում միայն պոլիկլինիկան, իսկ 20000-ից ավելի բնակիչ սպասարկող հիվանդանոցն ունի շտապօգնության հնամաշ մեկ մեքենա:
Հիվանդանոցի պայմանների բարելավման ելքը Միքայել Վանյանը տեսնում է ֆինանսական ազատականության մեջ:
Էներգետիկների քաղաքի հիվանդանոցի տարածքի այգին տևական ժամանակ է չի ոռոգվում, ծառերը չորանում են: Նախկինում այստեղ գործել է խորքային հոր, որը ընդերքի ջրերի ցամաքեցման պատճառով չի գործում: