Սարի թաղում տուժած լրագրողների գործերը չեն գոհացնում ՀԿ-ներին
Նախորդ տարվա հուլիսի 29-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, Սարի թաղում իրավապահների և ցուցարարների բախումից տուժեցին հատկապես լրագրողները: Լրագրողական կազմակերպությունները «Էլեկտրիկ Երևան»-ից հետո այդ բախումներն ամենալարվածն ու խախտումների առումով ամենազանգվածայինը որակեցին: Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները հետևում են քրեական գործի ընթացքին: Որոշ արդյունքներ արդեն կան, բայց դրանք ՀԿ-ներին չեն գոհացնում:
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները Սարի թաղի գործում առաջընթաց չեն տեսնում: ՊՊԾ գնդի գրավման օրերին, մասնավորապես նախորդ տարվա հուլիսի 29-ին, Սարի թաղում իրավապահների և ցուցարարների բախումից տուժեցին հատկապես լրագրողները:
Թեև քրեական գործ հարուցվեց, մի քանի տասնյակ լրագրողներ ու օպերատորներ տուժող ճանաչվեցին, մի քանի անձանց մեղադրանք առաջադրվեց, բայց հասարակական կազմակերպությունները գնահատմամբ՝ իրավական գործընթացը համարժեք չէ տեղի ունեցածին:
«Անգործություն է, քննություն որպես այդպիսին որևէ ձևով առաջընթաց չունի, քննություն չի իրականացվում, առհասարակ որևէ քայլ չկա: Կա իմիտացիա մի քանի քավության նոխազ քաղաքացիական անձանց առնչությամբ, որպեսզի գոնե վիճակագրությամբ ցույց տրվի, որ ունենք երկու դատավճիռ, որ անձիք ենթարկվել են պատասխանատվության»:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանի դիտարկումն է: Նա սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունները համեմատում է դրանից մեկ տարի առաջ « Էլեկտրիկ Երևանի» ժամանակ տեղի ունեցածի հետ:
«Եվ «Էլեկտրիկ Երևան»-ի, և Սարի թաղի դեպքում ունենք նույն երևույթը: Այն ոստիկանները, որոնք պատասխանատվության են ենթարկվել շատ փոքրաթիվ են այն լրագրողների քանակի և խախտումների այն ծավալի համեմատ, որ ունենք»:
Հայկուհի Հարությունյանի ներկայացրած վիճակագրությունը ճշգրտում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանի տվյալներով՝ ի տարբերություն «Էլեկտրիկ Երևանի», Սարի թաղի գործով պատասխանատվության ենթարկված անձանցից և ոչ մեկը ոստիկանության ներկայացուցիչ չէ: Մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական անձանց:
Հուլիսյան իրադարձությունների ընթացքում ԽԱՊԿ-ի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տուժել է 27 լրագրող և օպերատոր: Նրանցից 19-ը մարմնական վնասվածք է ստացել, 8-ը բախվել է այլ ճնշումների։ Տուժածներից մեկը Lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանն է: Ասում է միջադեպից մեկ տարի անձ անձնապես իր մասով գործը տեղից չի շարժվել, արդեն չի էլ հետաքրքվում, թե հարուցված քրեական գործի նախաքննությունը որ փուլում է:
«Անտարբեր եմ գործի քննության նկատմամբ: Պարզապես անիմաստ է ինչ-որ բան ակնկալել: Դեպքից արդեն մեկ տարի է անցել: Ես էլ ամեն ինչ մոռացած կլինեի, եթե ոտքիս ցավը զգացնել չտար»:
Ի դեպ, լրագրողական կազմակերպությունները խոսում են մի երևույթի մասին էլ : Բռնությունների ենթարկված մի քանի տասնյակ լրագրողներից ժամանակի ընթացքում շարունակում են հետևողական լինել հազիվ մի քանիսը: Ավելի մեծ մասը հոգնում է պայքարից ու սրա պատճառները տարբեր են՝ անձնական կամ ներխմբագրական որոշումից մինչև պարզապես հիասթափություն խիստ ձգձգվող քննության ընթացքից:
Նկարը՝ Մեդիա կենտրոնի