«Մաքուր Հայաստան» ծրագրի ժամանակացույցը հաստատվել է


«Մաքուր Հայաստան» ծրագրի միջոցառումներն արդեն սկսված են, իսկ համակարգող մարմինը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, դրական քայլեր արդեն արձանագրում է: Այսօր Կառավարությունը հաստատել է «Մաքուր Հայաստան» ծրագրի ժամանակացույցը, ինչից հետո լրագրողների հետ զրուցել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Մոտ ապագայում հնարավոր է հանդիպել մի իրավիճակի, երբ անցորդը փողոցում՝ աղբամանից դուրս նետած անգամ մեկ ծխախոտի մնացորդի համար տուգանվի առնվազն 16 հազար դրամով: Համապատասխան օրինագիծը փոխանցվել է արդարադատության նախարարությանը։ Առաջիկա մեկ շաբաթում այն ներկայացնելու է իր առարկությունները: Սրանք առաջին քայլերն են՝ Մունիցիպալ աղբահանության եւ սանիտարական մաքրման նոր փաստաթուղթ ունենալու ուղղությամբ: Շրջակա միջավայրի աղտոտման համար նախատեսված նվազագույն տուգանքը 16 հազար դրամից հասնում է առավելագույնի՝ խոշոր ձեռնարկությունների համար: Նրանց դեպքում տուգանքը կարող է հասնել 300 հազար դրամի: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այլեւս այս ձեւերով է պատկերացնում «Մաքուր Հայաստանի» գաղափարը: Փորձն ապացուցել է, որ դաստիարակությունն ու մշակույթը այս հարցում այլեւս օգնականներ չեն:
Նախարարը չի ընդունում, որ սովորական անցորդի համար մեկ փոքրիկ աղբի դիմաց սահմանված 16 հազարը հնարավոր է՝ մեծ գումար է:
Տուգանքի չափերը մոտավոր արդեն կան, բայց անհրաժեշտ աղբամանները՝ դեռ ոչ: Անգամ Լոքյանն է ընդունում՝ աղբամանների մեծ կարիք կա այսօր Հայաստանում, բայց միայն հաջորդ տարի կգնեն շուրջ 10 հազար աղբաման, որոնք տեղադրվելու են բաց տարածքներում՝ մշակութային եւ եկեղեցական կառույցների շրջակայքում եւ զբոսաշրջային վայրերում:
Իսկ մինչ այդ՝ փորձելու են միջազգային կազմակերպություններից հայթայթել շուրջ 36 միլիոն դրամ՝ քարոզչական նյութերի մեծածավալ օգտագործման համար: Այս գործը նախարարը պակաս կարեւոր չի համարում:
Մինչ պետությունը Հայաստանը մաքուր պահելու գործում փորձում է ազդել քաղաքացիների գիտակցության վրա, օրեր առաջ այրվեց բաց աղբանոցի հսկայական հատված՝ դրանով իսկ վնաս հասցնելով նույն շրջական միջավայրին: Այս տարվա հոկտեմբերի 16-ին կառավարությունն ընդունեց կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը։
Գործարանների մասին այս դեպքում դեռ խոսք չկա: Առայժմ վերացնում ենք աղբավայրերը, իսկ որ դրանք հանպատրաստից, ցանկացած վայրում տարերայնորեն կուտակվելու սովորություն ունեն, կարող է դժգոհել Հայաստանի ցանկացած քաղաքացի:
Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 2300 աղբավայր արդեն փակվել է, այս պահին ունենք շուրջ 500 աղբավայրեր, որոնք շարունակվում են փակվել: Նախատեսվում է, որ տարեվերջին ունենալու ենք մոտ 160 աղբավայր: