Հարուստ եւ աղքատ պաշտոնյաներ


Այս տարվա հուլիսի մեկից ուժի մեջ է մտել Քրեական օրենսգրքի լրացված եւ փոփոխությունների ենթարկված տարբերակը: Դրույթներից մեկով սահմանվում է «ապօրինի հարստացում» ձեւակերպումն ու այդ օրինախախտման համար սահմանված պատիժը: Համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսանում բարձրաստիճան պաշտոնյաների ռեեստրում ներկայացված ունեցվածքի հայտարարագրերը: Ապօրինի հարստացման դեպքում նախատեսված պատիժն է՝ ազատազրկում 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարման, դրանց վերլուծության ու օրենքով սահմանված դեպքերում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտման հարցերով: Գոյության հինգ տարիներին հանձնաժողովն արտառոց բացահայտումներ չի արել։ Խիստ ընդդիմադիրից մինչեւ խիստ իշխանամետ՝ բոլորը լավատեղյակ են, թե տարիներ շարունակ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ հայտարարագրեր են ներկայացնում համապատասխան հանձնաժողով: Անգամ խորհրդարանում իրողությունները փորձել են բացահայտել թե «Ելքից» Նիկոլ Փաշինյանը, թե ՀՀԿ- ից Էդուարդ Շարմազանովը:
Ով ինչ ունի՝ այս տեղեկությունները բաց են եւ հասանելի: Համակարգիչ եւ համացանց ունեցող ցանկացած ոք կարող է տվյալներն ուսումնասիրել, իհարկե, այնքանով, որքանով պաշտոնյաներն են ցանկացել հրապարակել այն, ինչ ունեն: Օրվա որոշակի հատված մենք էլ հատկացրեցին այդ ուսումնասիրություններին: Պարզվեց, որ նախարարներից ամենահամեստը թերեւս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է: Համենայնդեպս՝ ներկայացված հայտարարագրի համաձայն չունի ոչ շարժական, ոչ անշարժ գույք, ոչ էլ փոխառություններ: Անգամ արտարժույթով պահված գումար չունի: Ամենաաղքատ նախարարը հայտարարագրել է ընդամենը 29.5 մլն դրամ: Փաստաթղթերից պարզ է դառնում, որ մեր պաշտոնյաները դրամից բացի գերադասում են գումարը պահել ֆունտ ստեռլինգով, եվրոյով, դոլարով եւ ռուբլիով: Ֆունտ ստեռլինգը օրինակ նախընտրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ ունի միայն այդ արտաժույթով՝ 42 հազար 400-ի ֆունտ, խնայողություն:
8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան, 50 միլիոն դրամի արժեթղթեր, մոտ 33 միլիոն դրամ եւ 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ: Սա արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցվածքն է: Նրա թիմով գործադիր մարմնում հայտնված Պետեկումտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նույնպես պատկառելի ունեցվածքի տեր է: Հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, 3 բնակարան, 12 հողամաս, 3 ավտոմեքենա, բաժնետոմսեր, 8 միլիոն դրամը գերազանցող 2 ժամացույց եւ 1 նկար: Արտառոց ոչինչ իր հայտարարագրում պաշտոնյան չի տեսնում:
Մինչեւ 2016-ի հոկտեմբերը որ բիզնեսում է եղել ՊԵԿ ղեկավարը՝ այս հարցին լույս չի սփռում ոչ նրա հայտարարագիրը, ոչ էլ պաշտոնյայի կենսագրությունը: 1999 թվականից նա մտել է, այսպես ասենք, «գազի ոլորտ»: Մեկ տարի «Կոտայքգազում» աշխատելուց հետո 2000-ից տեղափոխվել է «Հայռուսգազարդ» եւ առանց ընդմիջումների այնտեղ մնացել տարբեր պաշտոնների՝ նաեւ վերանվանված «Գազպրոմ Արմենիայում»։ Հենց այնտեղից էլ տեղափոխվել է կառավարություն: Վարդան Հարությունյանը նաեւ ի պաշտոնե պնդում է, որ բյուջեից գողացված ցանկացած գումար պետք է վերադարձվի բյուջե՝ կոռուպցիայի դեմ հայտարարված լուրջ պատերազմի շրջանակներում: Այս շրջանակներում, սակայն, նրան չի հետաքրքրում, թե ինչպես են մինչ այս Հայաստանում հարստացել պաշտոնյաները:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի լրացված եւ փոփոխությունների ենթարկված տարբերակը, որով սահմանվում են նաեւ «ապօրինի հարստացում» հասկացությունը ու համապատասխան պատիժները՝ ազատազրկում 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Այնպես որ՝ ուրիշի կարողություն հաշվելը այս համատեքստում նաեւ պարտադիր է, ուստի ամոթալի չէ: Կոռուպցիայի դեմ պայքարի այս դրսեւորումներին, սակայն, մեր համաքաղաքացիները դեռ չեն վստահում:
Օրենքն ընդունվեց 2016-ի տարեվերջին: Ենթադրվում է, որ պաշտոնյայի հետ փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնվելու է, բայց օրենքի ընդունումից հետո անգամ այն հետադարձ ուժ չի ունենալու: Դա՝ միջազգային իրավունքի նորմերով: