Հասարակություն

Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի գործընկեր քաղաք Լիոնի հայազգի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, որում մասնավորապես ասված է.

«Իմ շատ հարգելի գործընկեր,

Երևանի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և Ձեր պատասխանատու բարձր պաշտոնում մաղթում եմ հաջողություն՝ ի շահ Լիոնի քաղաքացիների:

Վերջին տարիներին մեր երկու քաղաքապետարանները միասին բազմաթիվ ծրագրեր են իրականացրել և ես բարձր եմ գնահատում Ձեր դերը Լիոն քաղաքի հետ մեր կապերի խորացման գործընթացում: Եվ վերահաստատելով մեր երկու քաղաքների միջև առկա համագործակցային և բարեկամական կապերի ամրապնդման ու ընդլայնման հարցում իմ պատրաստակամությունը, Ձեզ հարմար ժամանակահատվածում սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Երևան, ուր Դուք միշտ սպասված եք»:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Back to top button